Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:

Ըստ Հայաստանի ԱԻՆ պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների գործակցության հետագա զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտներում:

Մասնավորապես՝ դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը, որը ստեղծված է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման և համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:

Քննարկման ժամանակ ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Այդ պատճառով կողմերը նպատակահարմար են գտել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:

Հանդիպմանը դիտարկվել են նաև ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի և միջոցների պատրաստման խնդիրները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց գրեթե մեկուկես տարվա ձգձգումից հետո և պարտականությունների կատարմանն է անցել մայիսի սկզբին: Մինչ այդ պաշտոնում ընտրվելը նա Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, ավելի վաղ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG