Մատչելիության հղումներ

Վերջին 12 ամիսներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 12 հազարով


Վերջին 12 ամիսներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 12 հազարով։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 միլիոն 981 հազար մարդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 2 միլիոն 994 հազարի փոխարեն։

«Բնական հավելաճի ցուցանիշը, որը մի քիչ զսպում է բնակչության նվազումը, այս տարի մի քիչ ավելի ցածր է: Դրա համար այդ նվազումը ավելի նկատելի է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։

Արտագաղթի ալիքին զուգահեռ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է նաև բնական աճի՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերության նվազում, որը այս տարվա առաջին 3 ամիսներին կազմել է ընդամենը 497 մարդ․ Հայաստանում այս տարի մինչև ապրիլի 1-ը ծնվել է 8,534 երեխա, մահացել 8,037 մարդ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ ցուցանիշի՝ սահմանահատումների թվի վրա, որը ևս եռամսյակը մեկ հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Սահմանային համակարգի միջոցով հաշվարկվում է, թե ամեն տարի քանի քաղաքացի է հեռացել Հայաստանից և քանիսն են վերադարձել: Տարբերությունը, որպես կանոն, բացասական մեծ թիվ է։ 2016-ին, օրինակ, Հայաստանից հեռացած և չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է ավելի քան 50 հազար։

«Եթե վերցնում ենք այս տվյալները, մենք տեսնում ենք, որ 2016 թվականը դա ռեկորդակիր է արտագաղթի առումով, որովհետև այդ տվյալը Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով կատարված հատումների առումով կազմում է 54 հազար մարդ», - «Ազատության» հետ զրույցում մատնանշեց Զուրաբյանը:

Մի կողմից չդադարող արտագաղթ, մյուս կողմից՝ ցածր ծնելիություն. այս ցուցանիշները համադրելով՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը կարելի է աղետալի անվանել, կարծում է ընդդիմադիր գործիչը։

«Այսինքն, եթե մենք հասկանում ենք, որ նման արտագաղթը չի կոմպենսացվում բնական հավելաճի շնորհիվ, ապա մենք տեսնում ենք, որ կանգնած ենք լուրջ ժողովրդագրական, եթե կուզեք՝ ճգնաժամի [առջև], իսկ միգուցե կարելի է սա անվանել նաև աղետ», - նշեց Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Անմիջապես սա անդրադառնում է մեր պաշտպանունակության վրա և անդրադառնում է նաև մեր տնտեսական իրավիճակի վրա»:

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդագրական վիճակին ուշադրություն գրեթե չեն դարձնում, չեն իրականացնում թիրախային ծրագրեր, այս խնդրին չեն անդրադառնում նաև Կառավարության ծրագրերում։

«Մեր իշխանությունների պահվածքը դա ջայլամի պահվածք է: Իրականում, իհարկե, իրենք շատ լավ տիրապետում են այս տվյալներին, բայց հասկանում են, որ այս տվյալների շուրջ որևէ բանավեճ ցույց է տալու նրանց սնանկությունը և՛ կոռուպցիոն առումով, և՛ կոմպետենտության առումով», - վստահ է ընդդիմադիր գործիչը:

Թեև բնակչության աճին վերաբերող ցուցանիշները հիմնականում բացասական են, այնուամենայնիվ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երկարաժամկետ ծրագրերի և ակնկալիքների մասին, նշեց, որ «2040 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 4 միլիոնի»:

«Ե՞րբ են նման խոստումներ տալիս ղեկավարները՝ երբ որ նրանք այսօր պատասխան չեն կարող տալ ո՛չ իրենց անցած քաղաքականության, ո՛չ էլ որևէ հեռանկար կա մոտ ապագայում, նրանք սկսում են խոսել հեռավոր ժամկետների մասին, տալ հեռավոր խոստումներ, որոնք ստուգելու համար առնվազն պետք է այդ իշխանությանը հանդուրժենք մինչև 2040 թվականը: Սա ինքնին ցույց է տալիս, որ իշխանությունը և մենք՝ Հայաստանի հետ միասին, գտնվում ենք շատ լուրջ փակուղու մեջ», - եզրակացրեց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG