Մատչելիության հղումներ

Հյուսիսկորեացի «ռազմագերիները» Սանկտ Պետերբուրգում


Ռուսաստան - «Զենիթ-Արենա» մարզադաշտի շինհրապարակը Սանկտ Պետերբուրգում, ապրիլ, 2016թ.
Ռուսաստան - «Զենիթ-Արենա» մարզադաշտի շինհրապարակը Սանկտ Պետերբուրգում, ապրիլ, 2016թ.

ՖԻՖԱ-ն տեղյակ է բանվորների աշխատանքի անտանելի պայմանների մասին:

Մադրիդի «Ռեալ»-ի համոզիչ հաղթանակով ավարտված ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը բնավ այս ամառվա ֆուտբոլային վերջին արարը չէ:

Կանցնի երկու շաբաթ, և Ռուսաստանում կսկսվի պայքարը Ֆեդերացիաների գավաթի համար: Այդ մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ առաջնությունից ճիշտ մեկ տարի առաջ:

Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է 2018 թվականի մրցաշարը կազմակերպելու ուղղությամբ, շինընկերությունները շահագործման են հանձնում նոր մարզադաշտեր և առաջնության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Երկրի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Զենիթ-Արենա» մարզադաշտի հանդիսավոր բացումը: 10 հազար հանդիսատեսներին ներկայացրել են ավտո- և մոտոմրցումներ, պարային համարներ և «երկրի մեծագույն հերոս» վարժեցրած արջի կատակ-շոուն:

Պատմելով այդ մասին, բրիտանական The Guardian-ը նշում է, թե հանդիսավոր ու հայրենասիրական այդ միջոցառման կազմակերպիչները խոսք իսկ չեն ասել այն մասին, որ մարզադաշտը հիմնականում կառուցել են Ասիայից, այդ թվում մոլորակի ամենաբռնակալ պետություններից մեկից՝ Հյուսիսային Կորեայից ժամանած շինարարները:

«Ենթակապալառուն, ով խնդել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ անցյալ տարվա օգոստոսից մինչև նոյեմբեր մարզադաշտի շինհրապարակում տաժանակիր աշխատանք են կատարել խեղճուկրակ հյուսիսկորեացիներ, աշխատել են առավոտից գիշեր, առանց հանգստյան օրերի, առնվազն 190 մարդ: Նրանցից մեկը՝ 47-ամյա մի բանվոր, հենց շինհրապարակում մահացել է: Նրանք վախենում էին խոսել մարդկանց հետ, ոչ մեկի վրա չէին նայում, կարծես պատերազմի գերիներ լինեին», - գրել է The Guardian-ի թղթակից Ալեք Լունը:

The Guardian-ի կիրակնօրյա հավելվածը՝ Observer-ը, վկայակոչել է բանվորներին Ռուսաստան ուղարկող հյուսիսկորեական պետական ընկերության մի անանուն պաշտոնյայի, ով ասել է, որ Ռուսաստանում աշխատող ցանկացած հյուսիսկորեացի պարտավոր է եկամուտի մի մասը փոխանցել Փհենյանի ռեժիմին:

«Այդ գումարները օգնում են Կիմ Չեն Ինի կառավարությանը հզորացնել բանակը և զարգացնել ատոմային զենքի ստեղծման ծրագիրը», - գրել է Observer-ը:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը հաղորդել է, որ Ռուսաստանում տասնյակ հազարավոր հյուսիսկորեացի բանվորներ ստրուկների կարգավիճակում են:

Ռուսաստանը 2013 թվականին ընդունել է հատուկ օրենք, որը կարգավորում է ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտներում աշխատելու համար օտարերկրացիների հրավիրող շինարարական ընկերությունների գործունեությունը:

Սակայն աշխատանքային օրենսգրքում սահմանվել են աղաղակող բացառություններ, հյուսիսկորեացիների աշխատանքի պայմանները հարցականի տակ են դնում ՖԻՖԱ-ի և Ռուսաստանի հավատարմությունը մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին:

Հյուսիսկորեացիները Սանկտ Պետերբուրգում աշխատել են ամեն օր առնվազն 11 ժամ, ստանալով ընդամենը 10-15 դոլար: Նրանք ոչ միայն բոլորից քիչ են վարձատրվել, այլև ապրել են գերբնակեցված անտանելի կացարաններում՝ որպես կանոն 6-7 մարդ մի փոքրիկ վագոնում:

The Guardian-ը նշում է, որ ՖԻՖԱ-ն տեղյակ էր այդ մարդկանց վիճակի մասին: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հյուսիսային երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին հասցեագրած նամակում խոստովանել է, որ ՖԻՖԱ-ն ստացել է այդ տեղեկությունները և խստորեն դատապարտում է հյուսիսկորեացիներին այդ սոսկալի պայմաններում շահագործելու հանգամանքը:

«ՖԻՖԱ-ն խնդիրը քննարկել է գլխավոր կապալառուի հետ, հաջորդ տեսչական այցի ժամանակ հյուսիսկորեացի բանվորներ շինհրապարակում չեմ եղել»,- գրել է Ինֆանտինոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG