Ազատության «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրի ընթացքում Հովհաննիսյանն ասել է, որ հունիսի վերջին կայանալիք «Ժառանգության» համագումարում առաջարկը կներկայացնի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին:
Նա, ի դեպ, համագործակցության եզրեր է տեսնում նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Հույս ունի, որ «մինչև աշուն նաև շոշափելի արդյունքներ կլինեն»․ - «Որպեսզի հնարավորությունը մեզ նորից այցելի, երբ էլ դա լինի՝ հերթական կամ արտահերթ, մենք պատրաստ լինենք դիմակայել կամ մրցունակ լինել իշխանության լծակների, փողի և տարբեր տեսակի ազդեցությունների հետ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը միավորման ճանապարհին դեմ չէ նաև «Ժառանգություն» կուսակցության անվանափոփոխությանը: Անվանումը, նրա կարծիքով, այնքան էլ կարևոր չէ:
Կուսակցությունների խոշորացման հարցը Հովհաննիսյանը քննարկել է նաև խորհրդարանական ընտրություններում իր դաշնակիցների՝ պաշտպանության և արտագքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի և ՎարդանՕսկանյանի հետ: Օհանյանն անկուսակցական է, իսկ Օսկանյանը «Համախմբում» կուսակցության ղեկավարն է:
«Ժառանգության» առաջնորդն ասաց, որ նրանցից, «ո՛չ համաձայնություն է ստացել, ո՛չ էլ մերժում»․ - «Մենք կողմնակից ենք խոշորացմեն: Իրենք գիտեն, որ նաև իրենց շուրջը կան հավաքված շատ կարող արհատներ, երիտասարդներ, պրոֆեսիոնալներ, ազատամարտիկներ, շարքային քաղաքացիներ: Եվ որ հաջողակ լուծումը նաև պետք է լինի անգամ այդ երեք ուժերից դուրս: Դրա համար մենք կողմնակից ենք ավելի լայն կոնսոլիդացիայի»:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանը դեմ է կուսակցությունները միավորելու առաջարկին՝ «առանց գաղափարների, մեկ իշխանավորին մեկ այլ իշխանավորով փոխարինելուն: Զարուհի Փոստանջյանը, հիշեցնենք, «Ժառանգությունից» հեռացավ,երբ կուսակցությունը որոշեց նախընտրականն դաշինք կազմել նախկին պաշտոնյանների հետ:
«Ես էլ եմ դեմ», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Զարուհին իր շնորհքով ունեցել է զարգացում, բայց նման ձևակերպումները եղել են «Ժառանգության» ձևակերպումները երկար-երկար տարիներ: Դրա համար ես ասում եմ, որ մենք պիտի ունենանք այդ ուժը՝ շարունակել իր շնորհքով փայլել ժողովրդի առջև, բայց երախտամոռ չլինել»:
Խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ եթե չլիներ համատարած ընտրակեղծարարությունը «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը կհաղթահարեր Ազգային ժողով անցնելու համար անհրաժեշտ 7 տոկոսի շեմը: Պաշտոնական տվյալներով, դաշինքն ապրիլի 2-ին ստացել է 2.07 տոկոս ձայն:
«Այլ հարց է, թե մարտավարական, քարոզչական, քաղաքական ինչ խնդիրներ կային, որ պետք է ավելի լավ արվեին, և այդ իրականությունը, որին հղում ես կատարել եմ․ որ ժամանակը քիչ էր՝ հասկանալու համար, թե ինչպես է, որ այս թիմը, այս հավաքականը կարողանա իսկապես գնալ իշխանությունների փոփոխության», - նշեց «Ժառանգության» առաջնորդը:
Դիտարկմանը, թե գուցե Զարուհի Փոստանջյա՞նն էր ճիշտ՝ ասելով, որ նախկին պաշտոնյանների հետ համագործակցությունը հաջողություն չէր բերելու, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Անմեղության կանխավարկած կա, և պետք չէ ամեն մեկի նկատմամբ դատավորի դիրքերից մոտենալ: Ես էլ ունեցել եմ տարաձայնություններ թե՛ գեներալ Օհանյանի, թե՛ պարոն Օսկանյանի հետ, բայց մեր կուսակցությունը համարեց, որ ոչ թե 4-5 պատգամավոր ունենալու ճամփով պետք է գնալ, այլ համալիր լուծում առաջարկել մեր ժողովրդին: Եվ արդյունքը եղավ, ինչ եղավ: Եվ ես ասել եմ, որ էստեղ ո՛չ մեծամտանալու, ո՛չ էլ ընկճվելու խնդիր կա: Պայքարը շարունակվում է․ «Ժառանգությունը» և՛ եղել է երկար տարիներ խորհրդարանում, և՛ երկար տարիներ՝ խորհրդարանից դուրս»:
Հովհաննիսյանը կարծիքով, Սերժ Սարգսյանի նպատակը 2018-ից հետո էլ իշխանության մնալն է․ - «Կարող եմ ասել, որ այս վերջին բոլոր փոփոխությունները ոչ թե երկիրը ժողովրդավարացնելն է, մարդու իրավունքների ապահովումն է․․․ Այս մայիսի 28-ին շատ գեղեցիկ ելույթ ունեցավ իր, իր սփիչրայթըրը շատ լավ ճառ գրած էր, բայց հակառակը՝ անձնական աթոռի, անձնական գործունեության և ասպարեզում մնալու համար միտված փոփոխություններ էին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ մնում է Հայաստանում, շարունակում է զբաղվել քաղաքականությամբ:
Մինչև միավորման առաջարկության կյանքի կոչվելն էլ առաջիկա համագումարի ընթացքում ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը կառաջադրի նաև կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններում: «Ժառանգության» կանոնադրության համաձայն, կուսակցության ղեկավարին իր կազմից ընտրում է վարչությունը: