Մատչելիության հղումներ

Նախագահը խոստանում է ուսումնասիրել «Գլենդեյլ Հիլզ»-ից դժգոհ քաղաքացիների խնդիրը


Մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ բնակիչներ վաղ առավոտից բողոքի ցույցի էին դուրս եկել նախագահի կառավարական ամառանոցի դիմաց՝ անձամբ Սերժ Սարգսյանից պահանջելով լուծել արդեն մեկ տասնամյակ ձգվող իրենց բնակարանների հարցը: Հայաստանի ղեկավարը խոստացավ խնդրին հետամուտ լինել:

Երևանի կենտրոնում գերակա շահ ճանաչված տարբեր թաղամասերի բնակիչներն ասում են, որ իրենց կնքած պայմանագրի համաձայն, «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը վերցրել է իրենց տները՝ խոստանալով համարժեք մակերեսով բնակարաններ կենտրոնում կառուցվելիք բազմաբնակարան շենքերում, բայց 10 տարի անց ո՛չ տունն են ստացել, ո՛չ էլ համարժեք գումարը:

Արամի փողոցում մոտավորապես 300 քմ մակերեսով տուն ու հողատարածք «Գլենդեյլ Հիլզին» հանձնած Անուշ Զաքարյանն ասաց, որ եկել են նախագահից պահանջելու, որ պետությունը զբազվի իրենց խնդրով, քանի որ «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը լուծարվել ու սնանկ ճանաչվել, իսկ պայմանագրի երրորդ կողմը կառավարությունն է․ - «Լուծարվել է, բայց գերակա շահ ճանաչված տարածքի այսպես ասած գարանտը կանգնել ա պետությունը: Եթե նա լուծարվել է, ուրեմն էդ հարցը պետք է լուծի պետությունը: Հիմա մնացել ենք մենք․ կա՛մ պետք է վճարեն մեր գումարը, կա՛մ բնակարան [տրամադրեն]: Իսկ բնակարան առաջարկում են Երևան քաղաքի ծայրամասերում, ինչո՞ւ․․․»

Մինչև ամառանոցից Սերժ Սարգսյանի դուրս գալը երկու ժամից ավելի նախագահին սպասող բնակիչները «Ազատությանը» պատմեցին․ որ տասը տարվա ընթացքում տասնյակ դռներ են թակել, դատական տարբեր դռներ բացել, բայց անօգուտ: Նախորդ կառավարությունը, ըստ ակցիայի մասնակիցների՝ 100-ից ավելի բնակիչներից շատերի հարցը լուծել է, սակայն իրենցից մի քանի տասնյակի՝ մոտ 50 ընտանիքի հերթն այդպես էլ չի հասել:

Նրանք պատմեցին, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մեծ հույսով ու սպասումով նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին են դիմել․ - «Կարեն Կարապետյանի հետ հանդիպել եմ կինո Մոսկվայում ընտրության վերջին օրը: Մեր հարցը առաջ եմ քաշել, իրան էլ ցույց եմ տվել․․․ «Ուզում եք հենց հիմա՞ լուծեմ ձեր հարցը» ասում ա․․․ Հենց հիմա պտի չլուծեիք, տասը տարի առաջ պտի լուծեիք»:

Մոտավորապես 10-ն անց 30-ին ամառանոցի դարպասից դուրս եկած Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը կանգ առավ, նախագահը մոտեցավ բնակիչներին ու խոստացավ խնդիրն ուսումնասիրել առաջիկա երկու օրերի ընթացքում․ - «Մոտակա երկու օրում կգան կուսումնասիրեն»:

Բնակիչներից մեկն ասաց, որ արդեն երկրորդ անգամ են երկրի նախագահին դիմում այս հարցով․ - «Պարոն նախագահ, ես անձամբ դիմում տվեցի, ասեցիք՝ հետամուտ եմ լինելու, որ ձեր հարցը շտապ լուծվի: Առայսօր ոչ մի պատասխան մենք չենք ստացել»:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ ակցիան լուսաբանող լրագրողները խանգարում են իրենց: «Լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել», - հարցրեց նախագահը, և, ստանալով ցուցարարների բացասական պատասխանը, ասաց․ - «Բա ինչո՞ւ են մեզ խանգարում»:

Նախագահի հեռանալուց հետո բնակիչները նեղսրտեցին, թե հիմա էլ ծայրամասերում են իրենց բնակարաններ առաջարկում․ միայն չորս պատ՝ առանց ներքին հարդարանքի: Ասացին, որ իրավական ճանապարհով խնդրի լուծումն անիմաստ են համարում, պնդեցին՝ շատերի գործն այսօր դատարանում է, բայց հույս չունեն, որ հարցը կլուծվի․ - «Բոլոր դատարանները աշխատում են հրահանգավորված: Ես դիմել եմ դատարան, որպեսզի արդարացի լուծում ստանանք: Իրանք բնակարանները տային և տույժ-տուգանքները վճարեին․․․ Մինչև էսօր էդ դատի ընթացքը ձգձգվում ա անիմաստ: «Գլենդեյլ հիլզը» չի էլ ներկայանում դատերին:

Գերակա շահ ճանաչված 33-րդ թաղամասի բնակիչները նախագահի հետ զրույիցից հետո ասացին, որ եթե այս անգամ էլ հստակ արձագանք չստանան, առաջիկայում կրկին հավաքվելու են նախագահի կառավարական ամառանոցի դիմաց՝ նույն պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG