Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի կանխատեսմամբ՝ Ադրբեջանն աստիճանաբար փորձելու է էլ ավելի սրել իրավիճակը՝ նպատակ ունենալով վնասներ հասցնել հայկական կողմին:
Երեկ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Մնացականյանը շեշտել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի անհրաժեշտության դեպքում «վերջնական հարված տան»։ Մնացականյանը նաև հայտարարել է, թե 2016-ի ապրիլյան պատերազմից հետո շփման գծում իրավիճակը փոխվել է՝ բարելավվել են անվտանգության պայմանները, տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, կատարվել են ինժեներական աշխատանքներ։
«Հասցրել ենք ավելի բարձր մակարդակի, բայց չենք համարում, որ գործընթացը դրանով եզրափակել ենք, դա շարունակական է, պիտի տեխնիկապես կատարելագործենք, մեծացնենք հնարավորությունները»,- ընդգծել Մնացականյանը: Նրա խոսքով, վերջին շաբաթներին շփման գծում իրավիճակը «կայուն լարված է», սակայն, նախորդ ամիսների համեմատ՝ կա ակտիվության նվազման միտում:
«Չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություններ են լինում, սակայն, դրանք երկար չեն տևում: Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո եղած իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է: Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական գործողությունները ձախողվել են: Վերջին անգամ դրանք եղել են փետրվարին»,- ասել է ԼՂ պաշտպանության ղեկավարը: Ըստ նրա, ՊԲ պատասխան հարվածներն այնպիսին են եղել, որ հակառակորդին մի քանի անգամ ավելի շատ վնաս հասցվի, որպեսզի «չփորձի հետագայում նման հարվածներ հասցնել»։
Ղարաբաղում լարվածությունը շեշտակի աճեց մայիսի 15-ին։ Հայկական կողմի հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Դրանից հետո կողմները սկսեցին շփման գծում խոշոր տրամաչափի զենքեր կիրառել։
Նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ ԼՂ Պաշտպանության բանակի, շփման գծում հարաբերական հանգիստ է եղել։ Հրադադարը խախտվել է մոտ 300 անգամ, կիրառվել են նաև խոշոր տրամաչափի զենքեր։ Գեներալ Մնացականյանի կարծիքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել, իսկ սահմանում, նրա պնդմամբ, ղարաբաղյան ուժերը «թելադրողի դերում են»։
Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը երեկ նաև պնդել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է սահմանագծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը։ Մնացականյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցի ժամանակ իրենք դիվանագետներին ներկայացնելու են ադրբեջանական կողմի խախտումներն ու իրենց պատասխանները։
«Ինչ վերաբերվում է հետաքննական մեխանիզմներին, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրանց ներդրմանը: Ադրբեջանական կողմն է փորձում առիթների դեպքում խոչընդոտել դրանց ներդրմանը: Այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում են, առաջիկայում դրանք կլինեն: Համանախագահներն էլ են կողմ դրանց ներդրմանը»,- ասել է ՊԲ հրամանատարը:
Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին ԵԱՀԿ-ի միջնորդությամբ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմներ ներդնել: Մինչ օրս, սակայն, այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Հայկական կողմի պնդմամբ, մեղավորն Ադրբեջանն է: