«Միջազգային հանրության կողմից Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է Բաքվին», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այդ արձագանքի բացակայությունն էլ պատճառ դարձավ Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առևանգման համար։
Հիշեցնենք՝ 2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար: Բաքուն պահանջեց արտահանձնել բլոգերին, և 2016-ի հունվարի 20-ին Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը:
Իսկ այս տարվա մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգվեց և հետագայում Բաքվի բանտում հայտնվեց ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին։ Նա հայտնի է ադրբեջանական իշխանությունների մասին իր քննադատական հոդվածներով: 2015 թվականին Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին նա ստիպված լքել է հայրենիքը և բնակություն հաստատել Թբիլիսիում: