Մատչելիության հղումներ

«Ֆլինի հետ թռուցիկ խոսել եմ 2015-ին՝ կարճ ընթրիքի ժամանակ». Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս NBC հեռուստաընկերության լրագրող Մեգին Քելիին, Սանկտ Պետերբուրգ, 3-ը հունիսի, 2017թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս NBC հեռուստաընկերության լրագրող Մեգին Քելիին, Սանկտ Պետերբուրգ, 3-ը հունիսի, 2017թ.

«Իմ կողքին նստած էր մի ջենթլմեն, տարբեր բաներից խոսեցինք, ես գնացի, ինձ հետո ասացին, որ այդ տղամարդը ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էր», - NBC-ին պատմել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մայքլ Ֆլինի հետ թռուցիկ խոսել է միայն 2015 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում Russia Today-ի հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը Պուտինն ու Ֆլինը միևնույն սեղանի շուրջ էին նստած։

Հիշեցնենք, Մայքլ Ֆլինը մեկ ամիս զբաղեցրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Սակայն, փետրվարին ստիպված հրաժարական տվեց, երբ հայտնի դարձավ, որ լիարժեք տեղեկատվություն չի հրապարակել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ հեռախոսազրույցների, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հարցը շոշափելու վերաբերյալ:

NBC հեռուստաընկերության լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե նրա հետ «ավելի մտերիմ հարաբերություններ ունի», քան՝ Ֆլինի հետ։ «Մենք Ձեզ հետ հանդիպել ենք երեկ երեկոյան, մենք այսօր ամբողջ օրը միասին աշխատել ենք և հիմա նորից հանդիպում ենք, իսկ Ֆլինի հետ հանդիպել եմ միայն 2015 թվականին՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Իմ կողքին սեղանի շուրջ նստած էր մի ջենթլմեն։ Ես ելույթ ունեցա, հետո մենք տարբեր բաներից խոսեցինք, վեր կացա ու գնացի։ Ինձ հետո ասացին, որ այդ տղամարդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էր։ Այդքան բան», - պատմել է Ռուսաստանի նախագահը։

Ավելի վաղ Մայքլ Ֆլինը The Washington Post-ին պատմել էր, որ այդ ընթրիքին հրավիրված էր որպես հյուր։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ Պուտինը չի հարգում Միացյալ Նահանգների իշխանություններին։ Բայց իշխանություններին, ոչ թե Միացյալ Նահանգները», - ասել էր Ֆլինը։

Ամերիկացի լրագրող Մեգին Քելին ասել է, որ Պուտինը ուրիշ մարդ է առանց տեսախցիկների։ «Նա ինձ հետ շատ ջերմ էր, իմ ընտանիքով էր հետաքրքրվում, որոշ մանրամասներ իր ընտանիքից էր պատմում, իսկ երբ տեսախցիկները միացրած էին, Պուտինը կոշտ էր։ Պուտինն այն նախագահն է, որին սիրում են ռուսաստանցիները և որին մենք բոլորս գիտենք», - ասել է լրագրողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG