Մատչելիության հղումներ

ԻՊ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը հունիսի լույս 4-ի գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների համար, որոնց հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս հաղորդագրությունը ջիհադիստները տարածել են «Ամաք» գործակալության միջոցով։

Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը հայտարարել էր, որ պարզել է հարձակվողների ինքնությունը, սակայն չէր հրապարակել նրանց անունները:

Հիշեցնենք՝ Լոնդոնի կենտրոնում կամրջի վրա միկրոավտոբուսը մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել մայթին կանգնած մարդկանց, հետո մի քանի մետր անցնելով՝ կանգ էր առել, և մեքենայից դուրս եկած տղամարդիկ դանակներով հարձակվել էին անցորդների վրա։

Միացյալ Թագավորության իշխանությունները ահաբեկչություն են որակել տեղի ունեցածը: Հաղորդվում է, որ հարձակումը իրականացրած երեք տղամարդկանց ոստիկանությունը սպանել է:

Միջազգային հանրությունը դատապարտել է հերթական ահաբեկչությունը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և զորակցություն հայտնել բրիտանացիներին: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սա վերջին երեք ամիսներին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած երրորդ ահաբեկչությունն էր, նախորդ հարձակումների պատասխանատվությունը ևս ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG