Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է երեք տարբեր վայրերում`Լոնդոնի կամրջի վրա, կենտրոնական Բորրու Մարքեթ շրջանում և քաղաքի հարավում`Վոքսհոլում, իրականացված հարձակումների մասին, առնվազն մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ:
Նախ հաղորդվեց, որ փոքր բեռնատար մեքենան վրաերթի է ենթարկել Լոնդոնի կամրջով անցնող հետիոտներին: Ըստ BBC֊ի լրագրողի, ով պատահաբար եղել է դեպքի վայրում, մեքենան եղել է սպիտակ գույնի, ընթացել է մոտ 80 կմ/ժ արագությամբ և անակնկալ դուրս եկել դեպի մայթ, տուժել է առնվազն 5-6 մարդ, ընդ որում, վրաերթից հետո մեքենան կանգ չի առել:
Ավելի ուշ հաղորդվեց քաղաքի կենտրոնում գտնվող Բորրու Մարքեթում իրականացված դանակահարությունների մասին, ըստ BBC֊ի ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել: Ոստիկանությունը նաև հայտարարում է, թե զբաղվում է Վոքսհոլում արձանագրված միջադեպով`առանց հավելյալ մանրամասների:
Ոստիկանությունը շուրջկալել է քաղաքի կենտրոնական հատվածը, Լոնդոնի կամրջին հարակից մետրոյի կայարանը փակ է: Ըստ ականատեսների, տեղում աշխատում են բազմաթիվ ոստիկաններ, գործողությանը մասնակցում են նաև ուղղաթիռներ: Իրավապահները քաղաքի բնակիչներին Թվիթերում խորհուրդ են տալիս «վազել, թաքնվել և պատմել տեսածի մասին»:
Ըստ որոշ հաղորդումների, վրաերթ կատարած մեքենայից փախուստի է դիմել երեք անձ, ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություն չկա, ոստիկանները շարունակում են կասկածյալների որոնումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե կատարվածը դիտարկվում է որպես հնարավոր ահաբեկչական հարձակում: Քիչ անց ոստիկանությունը Լոնդոնի կամրջի և Բորրու Մարքեթի միջադեպերը որակեց որպես ահաբեկչություն:
Ավելի վաղ`մարտին, չորս մարդ էր զոհվել Ուեսմինսթրյան կամրջի վրա, երբ ահաբեկիչը մեքենայով վրաերթի էր ենթարկել մի խումբ անցորդների, այնուհետև դանակահարել ոստիկանի: Արձագանքելով միջադեպին՝ իրավապահները կրակ էին բացել և սպանել հարձակվողին: