Մինչ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ հունիսի 2-ին մտահոգություն էին հայտնում 2015 թվականի Փարիզի համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է քննադատել ամերիկացի գործընկերոջը:
Հեգնանքով ցիտելով հայտնի երգի խոսքերը՝ «Մի անհանգստացեք, երջանիկ եղեք», Պուտինը, ով նախօրեին մասնակցում էր Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին, հիշեցրել է, որ կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ պետք է մտնի 2021 թվականին, հետևաբար դեռ ժամանակ կա կառուցողական լուծումներ փնտրելու գլոբալ ջերմացման դեմ պայքարելու ուղղությամբ:
Պուտինն ասել է, որ չէր ուզենա դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ համաձայնագրից դուրս գալու իր որոշման համար, սակայն կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կարող էր մնալ համաձայնագրի մաս և ընդամենը կրճատել Օբամայի վարչախմբի ստանձնած պարտավորությունները մթնոլորտային արտանետումները սահմանափակելու վերաբերյալ:
«Դա լավ համաձայնագիր է: Դա լավ մշակված փաստաթուղթ է, որը նպատակ ունի լուծել այսօրվա համաշխարհային մարտահրավերներից մեկը», - նշել է Պուտինը:
Ռուսաստանը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը, սակայն դեռ չի վավերացրել այն: