Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը «Իգլա»-ի գործի հետևում նաև Սերժ Սարգսյանի վրեժխնդրությունն է տեսնում


Գեներալ Սամվել Բաբայանի կալանավորման երկարաձգումը ևս մեկ անգամ փաստում է, որ այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց «ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի համակիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կալանավորվել էր մարտի 24-ին՝ անցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, քաղաքական դրդապատճառներից բացի «Իգլա»-ի գործի ետևում նաև Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի՝ անցյալում ունեցած հարաբերություններն են:

«Սա քաղաքական դրդապատճառ ունի, Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է», - «Ազատության» հետ զրույցում ՕՐՕ դաշինքի տեսակետը վերահաստատեց «Ժառանգության» առաջնորդը՝ շարունակելով․ - «Բայց եթե ուզում եք իմ անձնական տեսակետը, վերլուծությունը՝ այն է, որ նաև իրենց անցյալի հետագիծը որպես պաշտոնյաներ և որպես անհատներ, նաև իրենց դերակատարումը ունեն, եթե ոչ ժամանակի ընտրության հետ, գոնե նրա հետ, որ ինքը այսքան ամիսներ կալանքի տակ է: Եվ եթե ճիշտ է՝ այո, մեզ մոտ մեկ-մեկ վրեժխնդրությունն է և հիշաչարությունն է, որոնք տանող արժեքներ են և չափանիշներ, և ոչ անպայման Սահմանադրությունը և օրենքը»:

Փաստաբանը լավատես չէ

Մայիսի 17-ին դատարանը Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս 2 ամսով: Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դատարանի այս որոշումը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում, և այսօր գործը քննող Վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Հաշվի առնելով դատարանի նախորդ որոշումները՝ Ավետիս Քալաշյանը հույս չունի, թե դատավորը Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշում կկայացնի: Նրա խոսքով, ԼՂ նախկին պաշտպանության նախարարին թե՛ կալանավորելիս, թե՛ կալանքը երկարաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանը նույն ստանդարձ ձևակերպումներն է բերել, թե Բաբայանը ազատության մեջ մնալով կթաքնվի, կխուսափի: Այլ հիմնավորումներ չկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը նախօրեին հայտարարել էր, որ կայացվել է նախադեպային որոշում, ըստ որի նախաքննական մարմիններն այսուհետև ստիպված են լինելու ցանկացած գործով ըստ էության հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կունենանք Հայաստանի դեմ կայացված բազմաթիվ վճիռներ: Պատասխանելով «Ազատության» հարցին, արդյո՞ք Եվրադատարանի այս նախադեպային որոշումը ինչ-որ ազդեցություն կունենա Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռի վրա, Սամվել Բաբայանի փաստաբանը, մասնավորապես, ասաց․ - «Անկեղծ ասած՝ լավատես չեմ: Եվրոպական դատարանը առաջին անգամ չէ, որ նման հարցերով որոշումներ է կայացնում, որտեղ շեշտադրումը կատարում է այն բանի վրա, որ նման միջնորդություններ ներկայացնելիս առաջին հերթին պետք է հիմնավորել մեղսագրվող արարքներում հիմնավոր կասկածի առկայությունը, դրանից հետո նոր միայն պետք է անդրադառնալ այն հիմքերին, թե ազատության մեջ մնալով կարող է խուսափել: Իմ բողոքում ես շեշտադրումը դրել եմ այն բանի վրա, որ ներկայացված միջնորդության մեջ ընդհանրապես հիմնավորված չէ Սամվել Բաբայանի կողմից իրեն մեղսագրվող արարքների կատարումը»:

Ավելի վաղ փաստաբան Ավետիս Քալաշյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Սամվել Բաբայանին կալանավորել են մեկ անձի ենթադրության հիման վրա: Խոսքը տվյալ դեպքում «Իգլա»-ի գործի շրջանակներում կալանավորված Արմեն Պողոսյանի մասին է, ով ըստ փաստաբանի ասել էր, թե ամենայն հավանականությամբ զենքը Սամվել Բաբայանն է պատվիրել:

Ի դեպ, ըստ քրեական գործի Սամվել Բաբայանն ինքն է պատվիրել է այդ զենքը՝ խոստանալով դրա համար վճարել 50 հազար ամերիկյան դոլար: Բաբայանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները՝ պնդելով, որ նաև չի ճանաչում իր դեմ ցուցմունք տված Արմեն Պողոսյանին:

Հավելենք, որ ներպետական ատյաններում հարցի քննությունից հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ, ըստ նրա, միանշանակ դրական արդյունքի կհասնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG