Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց իր պաշտոնանկության մասին տեղեկությունները:
Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրեն կփոխարինի տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը: Այսօր Հովսեփ Սիմոնյանին հրավիրել են ՀՅԴ Գերագույն մարմին՝ շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և տեղեկացրել, որ կուսակցության Գերագույն մարմինը որոշել է Արթուր Խաչատրյանին առաջադրել այդ պաշտոնին: Կառավարության առաջիկա նիստին Շիրակի մարզպետի փոփոխությունը արդեն պաշտոնական կդառնա:
Հովսեփ Սիմոնյանին Դաշնակցությունը այլ աշխատանք է առաջարկելու, թե ինչ, ասաց՝ տեղյակ չէ:
«Ես կուսակցական եմ և կուսակցությունն ինչպես որոշեց, ինձ որտեղ տեսավ, այդտեղ էլ կաշխատեմ», - հավելեց նա:
Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մարտի 9-ից, այն բանից հետո, երբ իշխող Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակում ՀՅԴ-ն ստացավ երեք նախարարական պորտֆելներ, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետներին նշանակելու հնարավորություն: