Մատչելիության հղումներ

The Black Blues Orchestra-ի համերգը նվիրված է Առաջին Հանրապետության 99-ամյակին


’Black Blues Orchestra-ի ղեկավար Վլադիմիր Ավետիսյանը:
’Black Blues Orchestra-ի ղեկավար Վլադիմիր Ավետիսյանը:

Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա աննախադեպ «մեգա շոու», որը նախապատրաստել է The Black Blues Orchestra նվագախումբը՝ Վլադիմիր Ավետիսյանի ղեկավարությամբ:

Հնչելու են համաշխարհային բլուզի ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունները, և հենց այդ պատճառով էլ թերևս շոուն խորագրված է The Anthology of Blues՝ Բլյուզի անթոլոգիա, որում ներառված են բլյուզի լեգենդ Էրիկ Քլեպթընի ստեղծագործությունները:

Ի դեպ, The Black Blues Orchestra-ի Լոնդոնում ունեցած հյուրախաղերի ժամանակ Էրիկ Քլեպթընն իր երգերի լավագույն կատարումների համար, ի նշան երախտագիտության, Վլադիմիր Ավետիսյանին է նվիրել իր կիթառը՝ իր մակագրությամբ:

Այսօր հրավիրած ասուլիսին նվագախմբի անդամները, խոսելով վաղվա համերգի մասին հավաստիացրին, որ այն մեծ սիրով են նախապատրաստել:

Նշենք, որ այս նվագախումբը ստեղծվել է 2000 թվականին, 2008-ից նրան է միացել մասնագիտությամբ տնտեսագետ, կիթառահար, երգիչ, կոմպոզիտոր Վլադիմիր Ավետիսյանը: Նա Ռուսաստանում հայտնի գործարար է և բարերար: Նվագախմբի հետ բազմիցս հանդես է եկել ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ, իհարկե, նաև Հայաստանում ու Արցախում:

Նվագախմբի վերջին համերգները տեղի են ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում, որի համահիմնադիրներից է Վլադիմիր Ավետիսյանը:

Անցյալ տարի նվագախումբը Երևանի Մարզահամերգային համալիրում իր համերգը նվիրել էր Էրիկ Քլեպթընի ծննդյան 70-ամյակին:

Օրերս կայացած «Ավրորա» մրցանակաբախշության ժամանակ Վլադիմիր Ավետիսյանը դահլիճից օրորոցային երգեց հայերեն: Այսօր ասում էր, որ սովորել էր հենց այդ առիթով։

«Ազատության» խնդրանքով Ավետիսյանը պատմեց իր մասին: Ասաց, որ արմատներով Կարսից է, նախապապը Կարսից Ֆրանսիա գաղթելու ճանապարհին եղբոր հորդորով մնացել է Ղրիմում: Ինքը ծնվել է Սամարայում, մայրը ռուս է: Հայերեն չի խոսում, նույնիսկ իր հայրը հայերեն չգիտե, բայց անչափ հայրենասեր է: Անձամբ ինքը ևս շատ կապված է Հայաստանին և ահա որոշել է հենց Առաջին Հանրապետության հիմնադրման 99-ամյակին նվիրված մի այսպիսի նախագիծ իրականացնել:

«Մենք դեպի այս պայծառ, լուսավոր օրն էինք գալիս ինը տարի: Եվ եթե դուք վաղը ներկա գտնվեք համերգին, կտեսնեք, որ այն մեր նվագախմբի անցած ճանապարհի մի յուրատեսակ հաշվետվություն է», - ասաց Վլադիմիր Ավետիսյանը:

Նվագախմբում հանդես են գալիս երաժիշտներ տարբեր երկրներից: Վաղվա համերգին, ի թիվս այլ երկրների երաժիշտների, նվագախմբի հետ հանդես կգան ամերիկացի երգիչներ Մարկ Սորտը, Մոնիկա Գրինը և ուրիշներ:

«Մեր նվագախումբը բազմազգ նվագախումբ է: Ընդգրկված են երաժիշտներ Աֆրիկայից, Եվրոպայից մինչև Ռուսաստան: Այդ է պատճառը, որ, իմ կարծիքով, հնչեղությունը նվագախմբի խիստ գունեղ է, կոլորիտային, քանի որ յուրաքանչյուր երաժիշտ իր երկրի, իր ժողովրդի մի մասնիկն է, միասին մենք համամարդկային հնչեղություն ենք բերում», - ասաց Վլադիմիր Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG