Մատչելիության հղումներ

Թրամփ․ Փարիզի համաձայնագիրը հրեշավոր խոչընդոտներ էր սահմանում ԱՄՆ-ի նկատմամբ


Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Փարիզյան համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը հունիսի, 2017թ․
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Փարիզյան համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 1-ը հունիսի, 2017թ․

Շաբաթներ շարունակված քննարկումներից հետո նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց՝ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարելու վերաբերյալ 2015-ին Փարիզում ստորագրված համաձայնագրից: Հիշեցնելով իր «Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսը, Թրամփը պնդեց՝ այդ փաստաթուղթը միայն այլոց շահերին է ծառայում, այն դեպքում, երբ ամերիկյան տնտեսությունը տուժում է, ինքնիշխանությունը՝ թուլանում:

«Մենք այլևս չենք ուզում, որ այլ առաջնորդներ ու երկրներ ծիծաղեն մեզ վրա, և թույլ չենք տալու դա», - հայտարարեց ԱՄՆ նախագահը Սպիտակ տան Վարդերի այգում՝ լուրջ հարված հասցնելով բնապահպանական այս նախաձեռնությանը:

«Այսօրվանից Միացյալ Նահանգները դադարեցնում է Փարիզյան համաձայնագրի իրագործումը, որը հրեշավոր ֆինանսական ու տնտեսական խոչընդոտներ էր սահմանում մեր երկրի նկատմամբ: Ինչո՞ւ պետք է Ամերիկան ստորացվի, ի՞նչ հիմքով պետք է նրանք ծիծաղեն մեզ վրա: Մենք ուզում ենք արդար վերաբերմունք մեր քաղաքացիների ու հարկատուների նկատմամբ, ես ընտրվել եմ՝ ներկայացնելու Փիթսբուրգի շահերը, և ոչ թե Փարիզի», - ասաց Դոնալդ Թրամփը:

Միաժամանակ, նա հայտարարեց՝ Նահանգները դեմ չէ նոր համաձայնագիր կնքել, սակայն այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու կլինեն ամերիկյան բիզնեսի և հարկատուների համար:

Փարիզյան փաստաթղթով անդամ երկրները պարտավորվում են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, քարածուխ ու ածխաջրածին այրելու փոխարեն կիրառել բնության համար ոչ վնասակար տեխնոլոգիաներ, ինչպես նաև մինչև 2020 թվականը 100 միլիարդ դոլար տրամադրել զարգացող երկրներին՝ բնապահպանական խնդիրները լուծելու համար: «Միացյալ Նահանգներն այս ամենի արդյունքում ավելի քան 2․5 միլիոն աշխատատեղ կկորցնի մինչև 2025 թվականը», - պնդեց Թրամփը, ով նախագահական ընտրարշավում դեռ խստորեն քննադատում էր պայմանագիրն ու «խաբեություն» որակում գլոբալ ջերմացման վտանգը:

«Այս համաձայնագրով Չինաստանը կարող է տևական ժամանակ՝ 13 տարի ավելացնել արտանետումները: 13 տարի նրանք կարող են անել այն, ինչ ուզեն, իսկ մենք՝ ոչ: Հնդկաստանը իր մասնակցությամբ միլիարդավոր դոլարների օգնություն է ստանալու զարգացած երկրներից: Կան շատ այլ օրինակներ, սակայն ամենակարևորն այն է, որ այս փաստաթուղթը չափազանց անարդար է Միացյալ Նահանգների նկատմամբ», - շեշտեց ԱՄՆ նախագահը:

Փարիզյան համաձայնագիրը գլոբալ ջերմացման դեմ պայքարելու առաջին միասնական փորձն է, որին միացել է շուրջ 200 պետություն: Ամերիկան, փաստորեն, Թրամփի որոշմամբ դարձավ դրան ընդդիմացող եզակի երկրներից մեկը՝ կանգնելով Սիրիայի և Նիկարագուայի կողքին: Դրանով Նահանգները կասկածի տակ է դնում մոլորակի ամենակարևոր խնդիրներից մեկը համատեղ լուծելու և այդ հարցում առաջատարը լինելու առաքելությունը՝ պնդում են ընդդիմախոսները:

«Թրամփի որոշումը, մեղմ ասած, շատ ցավալի էր, բայց այն չի կարող և չի կանգնեցնի բոլոր նրանց, ովքեր պարտավորված են զգում պաշտպանել մեր մոլորակը», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: - «Ճիշտ հակառակը: Մենք՝ Գերմանիայում, Եվրոպայում ու աշխարհում այժմ ավելի, քան երբևէ վճռական ենք՝ համախմբվել ու ցույց տալ մեր ուժը՝ մարդկությանը սպառնացող այս մարտահրավերին դիմակայելու հարցում», - ասել է նա:

Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնը ևս սխալ է որակել Թրամփի որոշումը՝ միաժամանակ ընդգծելով, որ մտադիր չեն բանակցել առավել մեղմ պայմաններ ենթադրող փաստաթղթի շուրջ:

«Դիմում եմ Ամերիկայի բոլոր գիտնականներին, ճարտարագետներին, գործարարներին ու պատասխանատու քաղաքացիներին, որոնց հիասթափեցրել է Միացյալ Նահանգների նախագահի որոշումը. դուք ձեր երկրորդ հայրենիքը կարող եք գտնել Ֆրանսիայում, ես հրավիրում եմ ձեզ՝ եկեք և աշխատեք մեզ հետ՝ հստակ լուծումներ գտնելու համար: Այսօր Միացյալ Նահանգները մեջքով շրջվեց աշխարհին, սակայն Ֆրանսիան նույնը չի անի այդ երկրի քաղաքացիների նկատմամբ», - հայտարարել է Մակրոնը:

Սպիտակ տան ղեկավարի որոշումը քննադատել են նաև Չինաստանի, Եվրամիության, Կանադայի ու ՄԱԿ-ի առաջնորդները:

Ռուսաստանի նախագահը փաստել է՝ առանց Նահանգների դժվար է այս հարցում էական փոփոխության հասնել, սակայն միաժամանակ խուսափել է քննադատել ամերիկացի գործընկերոջը:

«Ես հիմա չէի դատի նախագահ Թրամփին, քանի որ Օբաման է համապատասխան որոշումն ընդունել: Գուցե գործող նախագահը կարծում է, որ իր նախորդի օրոք ձեռք բերված համաձայնությունները մանրազնին չեն քննարկվել, գուցե կարծում է, որ հիմա չկան համապատասխան միջոցներ, պետք է այս ամենը մանրամասն ուսումնասիրել», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ամերիկյան մի շարք խոշորագույն ընկերությունների, այդ թվում Apple-ի, Microsoft-ի, Facebook-ի ու Ford-ի ղեկավարները, մինչդեռ, առավել կոշտ դիրքորոշում են հայտնել:

«Ի նշան բողոքի դուրս եմ գալիս Սպիտակ տան առընթեր նախագահական խորհրդից», - Թվիթերում գրել է «Տեսլա» ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ ընդգծելով․ - «Կլիմայի փոփոխությունն իրական է, այս համաձայնագրից դուրս գալը լավ չէ ո՛չ Նահանգների, ոչ էլ աշխարհի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG