Հարցին, թե կցանկանար, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո մնա երկրի առաջին դեմքը՝ դառնալով վարչապետ, Առաջին տիկինն արձագանքեց․ - «Ես ընդհանրապես չէի ուզի, որ ինքը սկզբից նախագահ դառնար: Ես չէի ուզի, որ լիներ քաղաքական ասպարեզում՝ եթե Դուք իմ կարծիքն եք հարցնում»:
Առաջին տիկինը նաև ասաց, որ իր ամուսնուն քաղաքական գործունեության հետ կապված խորհուրդներ չի տալիս․ - «Ես չեմ սիրում ընդհանրապես այն տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն: Ես դեմ եմ դրան: Կյանքում չեմ տա ու չեմ հարգի այն տղամարդուն, որը պիտի լսի իմ խորհուրդը գործի մեջ»:
Ռիտա Սարգսյանն այսօր Արյունաբանական կենտրոնում էր, որտեղ բուժվող երեխաներին մեծապես աջակցել է իր գլխավորած «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
Նա դժգոհեց, որ տարեցտարի աջակցությունը հիմնադրամին նվազում է․ - «Երեք տարի, թե չորս տարի առաջ էր, պարզ ասեմ՝ կես միլիոն դոլար հավաքել ենք այս հիվանդանոցի համար: Մյուս տարի այդ թիվը նվազում է՝ 300, այս տարի՝ ընդամենը 100 հազար: Ամեն ինչը, երբ որ սկիզբն է լինում, մեծ հաճույքով բոլորը անում են․․․ Ոչինչ, երևի կսովորենք էդ կուլտուրան էլ, կամաց-կամաց կսովորենք»:
Անցած տարեվերջին Արյունաբերական կենտրոնի բացման ժամանակ Առաջին տիկինն առաջարկել էր քաղաքացիներից 100-ական դրամ հավաքելով աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին: Այսօր տիկին Սարգսյանն ասաց, որ այդ նախաձեռնությունը չի իրականանա, բայց այլ ուղիներով միևնույնն է փորձելու են օգնել կարիքավոր երեխաներին․ - «Մի ուրիշ բան կմտածենք անպայման: Ժամանակը ցույց կտա: Բայց անպայման կշարուկելու ենք, հո չենք թողնելու մեր երեխաներին․․․»
Արյունաբանական կենտրոնում այսօր նաև բացվեց քանդակագործ Արման Դավթյանի (Նուռ) հեղինակած քանդակը: Կենտրոնում բուժում ստացած երեխաներից մի քանիսի ծնողները շնորհակալություն էին հայտնում իրենց զավակների կյանքը փրկելու համար: Առաջին տիկինը երեխաներից մի քանիսին անձամբ էր ճանաչում: