Հունիսի 9-ին գումարվելիք առաջին նիստին իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանիում աշխատելու են նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, ու «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։
Անփոփոխ թողնելով մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրության արդյունքները ԿԸՀ-ն երեկ հաստատեց մայրաքաղաքի ավագանու կազմը։
Հիշեցնեմ, նոր ավագանիում 5 մանդատ ստացած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 24-ին հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ Երևանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջով։ Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին վարչական դատարանը մերժեց կուսակցության հայցը։
«Ազատության» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ մտադիր են վերցնել իրենց հասանելիք մանդատները, իսկ քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանը Փոստանջյանի բնորոշմամբ՝ իր մոտ աշխատելու է որպես «բռնազավթիչ քաղաքապետ»։
Բացառությամբ «Երկիր Ծիրանիի»՝ մյուս երկու խմբակցությունները հրապարակել են խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունները։ ՀՀԿ խմբակցությունը Երևանի ավագանիում ղեկավարելու է Սերգեյ Մկրտչյանը։ Նա ՀՀԿ ավագանու կազմում է 2009-ից, 2012-ից խմբակցության անփոփոխ ղեկավարն է։ Քարտուղար է ընտրվել Սուրեն Ներսիսյանը։
«Ելք» դաշինքնի ավագանու աշխատանքները ղեկավարելու է Դավիթ Խաժակյանը, իսկ խմբակցության քարտուղար է ընտրվել Թեհմինա Վարդանյանը:
Հատկանշական է, որ ընտրությունից հետո ինքնաբացարկ էին ներկայացրել Հանրապետականի ցուցակով ավագանի ընտրված 27 հոգի։ Նրանց մի մասը հրաժարվեց ավագանու անդամակցությունից՝ զբաղեցրած պաշտոնին վերադառնալու համար, ինչպես օրինակ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Սակայն կային նաև այլ պատճառով հրաժարվողներ։ Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև ռեժիսոր, դերասան և երգիչ Միքայել Պողոսյանը։ Դեռ նախընտրական շրջանում պարզվեց, որ Պողոսյանին կարծես տեղյակ չեն պահել ՀՀԿ-ի ցուցակում ընգրկելու մասին։ Պողոսյանը հայտարարել էր, որ «հենց վաղն էլ դիմում կտամ դուրս կգամ»։ Ռեժիսորը, սակայն դա արեց ավելի ուշ՝ ընտրությունից հետո։
Ավագանու ՀՀԿ խմբակցությունում աշխատանքից հրաժարվեց նաև Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը։ Հավաստիացնում է՝ զբաղվածության պատճառով։
«Ազատության» հարցին, թե իսկ ինչու էր համաձայնել, որ իր անունն ընդգրկվի ցուցակում, Վարդանյանը արձագանքեց․ - «Ի՞նչ կա դրա մեջ: Համաձայնվել եմ, հետո ավելի խորացանք՝ զբաղվածությունը, հաճախականությունը նիստերի․․․ հիմա ես ո՞ւմ հետ պիտի քննարկեի: Համաձայնեցի, հետո տեսա, որ իմաստ չունի: Ինձ համար որոշում կայացրի»:
Ժիրայր Վարդանյանը չի թաքցնում, որ հույս ուներ ավագանու անդամ դառնալով բարձրաձայնել իր ղեկավարության ներքո գտնվող Բուսաբանական այգու խնդիրները, սակայն կառույցը Գիտությունների ազգային ակադեմիայի, ոչ թե քաղաքապետարանի ենթակայության տակ է, և այդ պատճառով որոշել է ժամանակը զուր չվատնել․ - «Բազմաթիվ անգամ ինչ առիթներով մենք փորձել ենք քաղաքապետարանից տեխնիկական որևէ օժանդակություն ստանանք, իրանք իրավական տեսակետից իրավունք չունեն: Մենք իրենց կառույցը չենք»:
Անկուսակցական Վարդանյանը շեշտում է, թե ՀՀԿ-ի հետ կոնֆլիկտ չի ունեցել, և ավագանու անդամակցությունից հրաժարվելու իր որոշմանը կուսակցությունը ըմռնումով է մոտեցել:
Հանրապետականի ավագանու կազմում ընդգրկվածները խուսափեցին հարցազրույցից։ Նաիրա Նահապետյանը խնդրեց մի քանի րոպեից զանգել, սակայն «Ազատության» զանգերին այլևս չպատասխանեց։ Լևոն Իգիթյանը հրաժարվեց հարցազրույցից՝ հիմնավորելով, թե բոյկոտում է Հայաստանում ապրող բոլոր լրագրողներին, քանի որ նրանց մեջ սեր չի տեսնում։