Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի փարիզյան համաձայնագրից


ԱՄՆ -- Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու իր որոշման մասին, Սպիտակ տան վարդերի այգի, 1-ը հունիսի, 2017թ.
ԱՄՆ -- Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալու իր որոշման մասին, Սպիտակ տան վարդերի այգի, 1-ը հունիսի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից:

«Որպեսզի կատարեմ Ամերիկան և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ սրբազան պարտքը, հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու Փարիզի կլիմայական համաձայնագրից և բանակցություններ է սկսելու կրկին միանալու կա՛մ Փարիզի համաձայնագրին, կամ բոլորովին նոր մի համաձայնագրի, սակայն այնպիսի պայմաններով, որոնք արդարացի են Միացյալ Նահանգների, ամերիկյան բիզնեսի, աշխատավորների, ժողովրդի և հարկատուների նկատմամբ», - Սպիտակ տնից հատուկ այս առիթով կազմակերպված ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց ԱՄՆ նախագահը:

Այդպիսով ԱՄՆ-ը, Սիրիայի և Նիկարագուայի հետ միասին, դառնում է այն եզակի երկրներից մեկը, որը չի մասնակցում 195 երկրների միավորող համաձայնությանը:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման այդ համաձայնագիրը համարում էր իր արտաքին քաղաքականության նվաճումներից մեկը:

2016 թվականի նախագահական ընտրարշավի ամիսներին Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է պայմանագիրը և «խաբեություն» է անվանել գլոբալ ջերմացման վտանգը:

Միացյալ Նահանգները մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է: Փարիզի համաձայնագրով ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները:

Փարիզի համաձայնագիրը գլոբալ ջերմացման դեմ պայքարի միջազգային հանրության առաջին համախմբումն է, որին միացած յուրաքանչյուր երկիր պարտավորվել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:

Ջերմոցային գազերի հիմքը կազմում են ածխաթթու գազերը, որոնք առաջանում են ջերմակայանների, էլեկտրակայանների աշխատանքից, ավտոմեքենաների վառելիքից, նավթ, գազ, քարածուխ վառելու հետևանքով: Գիտնականները համոզված են, որ ածխաթթու գազերի, մեթանի ու արտանետվող այլ գազերի կուտակումները մթնոլորտում ջերմային ազդեցություն են թողնում երկրագնդի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG