Հայաստանի նախաքննական մարմիններն այսուհետև ստիպված են լինելու ցանկացած գործով ըստ էության հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կունենանք Հայաստանի դեմ կայացված բազմաթիվ վճիռներ, այսօր «Ազատության» հետ զրույցում զգուշացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«Եվրոպական դատարանի նախադեպում լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել», - նշեց Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը:
Կոստանյանի պարզաբանմամբ, նախկինում կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառելու համար Եվրոպական դատարանի համար բավարար էր, որպեսզի նախաքննական մարմինը հիմնավորի, որ տեղի է ունեցել իրավախախտման փաստ: Հետո, եթե անհրաժեշտություն էր առաջանում երկարացնել կալանքի ժամկետը, կարևորվում էր, որպեսզի նախաքննական մարմինը հիմնավորի, որ անձը կարող է թաքնվել, խուսափել պատասխանատվությունից:
«Հիմա նախադեպը փոխվեց, և հիմա անգամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար բավարար չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու փաստը, այդ պահից անգամ դու պիտի հիմնավորես, որ նա կթաքնվի, կխոչընդոտի և այլն», - նշեց Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը:
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը փաստում է՝ հայաստանյան իրավապահ համակարգը կարող է խնդրի առաջ կանգնել․ - «90 տոկոսով մենք կարող ենք արձանագրել, որ եթե այդ հարցերը քննարկվեն Եվրոպական դատարանում, ապա մենք կունենանք մարդու իրավունքների խախտման փաստ: Այսինքն՝ նախաքննության մարմինը, դա կլինի Խանդոյանի գործով, դա կլինի ցանկացած գործով, արդեն ստիպված են՝ նախադեպային փոփոխությունների արդյունքում, ըստ էության հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը: Կրկնվեմ՝ եթե մենք կարող էինք կալանքի անհրաժեշտությունը հիմնավորել բացառապես հանցագործության փաստով կամ, առավել ևս, ծանր հանցագործություն կատարած լինելու փաստով, հիմա անգամ ամենածանր հանցագործություններ կատարած անձի նկատմամբ կալանքը կարող է կիրառվել, եթե հիմնավորվեց, որ ինքը կարող է փախչել կամ խուսափել»:
Հայաստանի ներկայացուցչի խոսքով, Եվրադատարանը համապատասխան որոշումը կայացրել է նախորդ տարվա ընթացքում և այս տարի արդեն մտել է օրինական ուժի մեջ:
«Հետևաբար, մեր իրավապահ մարմինները արդեն հատկապես ուշադրություն պիտի դարձնեն այդ խնդրին, հակառակ դեպքում մենք կունենանք ուղղակի համատարած խախտման փաստի ճանաչումներ», - վստահեցրեց Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս վարույթ է ընդունել անցած տարվա հուլիսին՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին, զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի բողոքը: Փաստաբանի պնդմամբ, դատարանները առանց հստակ հիմնավորումների մի քանի անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել 10 ամիս առաջ կալանավորված Խանդոյանին: Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումը զսպող հանգամանք կհանդիսանա Հայաստանի դատավորների համար:
«Պարոն Կոստանյանը կարող է շատ լավ խոսել, բայց մեր իրավապահ մարմինները և դատարանները ընդհանրապես կատարում են հակառակը», - նշեց նա:
Ըստ փաստաբանի, դատավորներին չի հետաքրքրում, որ կալանքի վերաբերյալ կայացրած ապօրինի որոշումների պատճառով մեծ վնաս են հասցնում Հայաստանի բյուջեին: Նրա խոսքով, սա համակարգային խնդիր է՝ դատավորները մշտապես բավարարում են քննիչների և դատախազների միջնորդությունները:
Կոստանյանը «քաղաքական կոմպոնենտ» չի տեսնում
Փաստաբանները հաճախ են բարձրաձայնում այն մասին, որ որոշ դեպքերում անձանց զրկում են ազատությունից քաղաքական դրդապատճառներով: Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ով նաև իշխող Հանրապետականի պատգամավոր է, համաձայն չէ այս պնդումների հետ: Ստորև ներկայացնում ենք Կոստանյանի հետ մեր զրույցից մի հատված․
«Ազատություն»․ - Ընդունո՞ւմ եք, որ այդ որոշումներում կա նաև քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ կա քաղաքական հրահանգ, որ այս անձին պետք է վերցնել կալանքի տակ և այլևս այդ մանրամասներին չեն անդրադառնում՝ կան ապացույցներ, թե չկան: Սամվել Բաբայանի օրինակը՝ նա անձամբ եկավ դատարան, փորձեց համոզել, որ թաքնվող մարդ չէ և խոստացավ, որ եթե կալանքից ազատեն, չի թաքնվելու նախաքննությունից:
Կոստանյան․ - Ես, որպես կանոն, չեմ տեսնում քաղաքական կոմպոնենտ իրավապահ ընթացակարգերի նկատմամբ: Ես տեսնում եմ բավարար կամ ոչ բավարար հիմնավորվածության կոմպոնենտ կոնկրետ միջնորդությունների և կոնկրետ որոշումների՝ դա կլինի քննիչի, դատախազի կամ դատարանի: Քաղաքական կոմպոնենտ ես չեմ տեսնում, որովհետև ես քաղաքական կոմպոնենտի ձևաչափը չգիտեմ ինչպես կարելի է տեսնել, որ իմանամ՝ կա, թե չէ:
«Ազատություն»․ - Հրահանգով․․․
Կոստանյան․ - Դե հիմա՝ գիտեք, կարող ենք ասել՝ այ, սրանով հրահանգեցին, սրանով՝ չհրահանգեցին: Ո՞նց ենք որոշելու: Պատկերացրեք հիպոթետիկ մի քաղաքական կուսակցության ներկայացուցչի դեմ բռնաբարության համար քրեական հետապնդում է հարուցվում: Հո դա չնշանակեց, որ նա քաղաքական բռնաբարություն է իրականացրել, հետևաբար նաև քրեական կոմպոնենտ կա նրա քրեական հետապնդման մեջ: Հետևաբար՝ քաղաքական կոմպոնենտի առկայությունը առկայությունը և բացակայությունը չէ խնդիրը, այլ այն, թե ինչ չափով է հիմնավորված տվյալ որոշումը՝ անկախ նրանից, հասարակությունը դրա մեջ քաղաքական կոմպոնենտ տեսնում է, թե չէ:
Ի դեպ Գևորգ Կոստանյանը, ով նախկինում զբաղեցնում էր Գլխավոր դատախազի պաշտոնը և նաև ի պաշտոնե պետք է վերահսկեր խափանման միջոցի կիրառման օրինականությունը, վստահեցնում է՝ և՛ Զինվորական դատախազ, և՛ Գլխավոր դատախազ աշխատած տարիներին քննիչներին մշտապես ցուցում է տվել՝ կալանքի հիմքում դնել կոնկրետ ապացույցներ:
«Հիմա վստահ եմ, որ այդ ցուցումը պահպանվում է, որովհետև դա օրենքից և կոնվենցիայից բխող ցուցում է: Բայց թե գործնականում ինչպես են դա այս պահին կիրառում՝ կդժվարանամ ասել», - նշեց Կոստանյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Եվրադատարանի նախադեպային որոշումը անխուսափելիորեն պետք է զսպող դեր ունենա կալանքի կիրառման հարցում:
Հավելենք, որ անցած 14 տարիներ ընթացքում Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի կայացրած վճիռների շարքում երկրորդ տեղում են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ քաղաքացու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումների վերաբերյալ վճիռները։ Առաջին տեղում արդար դատաքննության իրավունքի խախտումն է: