Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի` մայիսի 29-ին Թբիլիսիում տեղի ունեցած առևանգումը աստիճանաբար վերածվում է վրացական ներքաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկին: Վերջին 24 ժամերին այս խնդրին ստիպված եղան անդրադառնալ Վրաստանի բարձրագույն ղեկավարության գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Առավել կտրուկ էին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությունները: Կվիրիկաշվիլիին դուր չէին եկել վրացական ընդդիմության և ադրբեջանցի լրագրողի փաստաբանի այն պնդումները, թե Մուխթարլիի առևանգմանը մասնակցած անձինք Վրաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների համազգեստ էին կրում:
«Դա կտրականապես անընդունելի է: Ես բացառում եմ, որ Վրաստանում գործող պետական կառույցներից որևէ մեկը ներգրավված լիներ այս միջադեպում», - հայտարարում էր Կվիրիկաշվիլին` կոչ անելով ընդդիմադիր գործիչներին և հասարակական կազմակերպությունների անդամներին զերծ մնալ հապշտապ հետևություններից:
«Եթե մենք խարխլենք հավատը պետական կառույցների հանդեպ, մեզ շատ դժվար կլինի պաշտպանել երկիրը: Չի կարելի խաթարել ժողովրդավարական կառավարման հիմքը` պետական կառույցների և քաղաքացիների միջև ձևավորված վստահությունը: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բոլորին զերծ մնալ հապճեպ հայտարարությունների միջոցով պետական հաստատությունների վարկաբեկման փորձերից», - ասում էր Վրաստանի վարչապետը:
Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի` չորեքշաբթի երեկոյան հնչեցրած հայտարարությունները, սակայն, առավել զուսպ էին: Այնուհանդերձ, վրացական պետության ղեկավարը գերադասում էր խոսել Աֆղան Մուխթարլիի անհետացման, այլ ոչ թե առևանգման մասին:
«Մինչ օրս լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Վրաստանը տարածաշրջանային առաջատար էր համարվում: Դա մեր հպարտությունն էր, և այդ չափանիշի պահպանումը նաև պետականության պաշտպանության առումով մեծ կարևորություն ունի: Այդ իսկ պատճառով, օտար պետության քաղաքացու անհետացումը Վրաստանի տարածքում լուրջ մարտահրավեր է: Կարևոր չէ՝ դա տեղի է ունեցել Վրաստանի ցամաքային, օդային թե ջրային տարածքում, կամ էլ մայրաքաղաքում», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:
Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, շարունակում են պնդել, որ երկրի հատուկ ծառայությունները ներգրավված են եղել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգման մեջ: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները արդեն իսկ հանդես են եկել երկրի առանցքային ուժային կառույցներից երկուսի` ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականի պահանջով: Այս մասին հայտարարում էր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին:
«Իշխանության հայտարարությունները գնալով ավելի աբսուրդային բնույթ են ստանում: Եթե ադրբեջանցի լրագրողի առևանգմանը մասնակցել են ուժային կառույցների ներկայացուցիչները, ուրեմն՝ գործ ունենք քրեական հանցագործության հետ: Ասեմ ավելին՝ առանց Վրաստանի վարչապետի թույլտվության նման հատուկ գործողության իրականացումը անհնարին կլիներ», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը:
Աֆղան Մուխթարլիի առևանգման հանգամանքները հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր Թբիլիսիում`Պետական անվտանգության ծառայության շենքի առջև կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Վրաստանի մի շարք լրագրողական և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչները: Նրանց համոզմամբ ևս՝ վրացական իշխանությունների ներկայացրած պարզաբանումները համոզիչ չեն:
Իսկ այս ողջ սկանդալի գլխավոր հերոսը` ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին առաջիկա երեք ամիսները կանցկացնի ճաղերի հետևում: Կալանքը որպես նրա խափանման միջոց ընտրելու մասին որոշումը երեկ երեկոյան կայացրեց Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը: