Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի երեք անդամներ դատարանի որոշմամբ իրավունք ունեն տեսակցելու ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Որոշումը կայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։
«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պահանջով դիմել էր դատարան՝ նշելով, որ նրանց գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան, և նախաքննական մարմնի պնդումները, թե կխոչընդոտեն նախաքննությունը, այլևս արդիական չեն։ Դատարանը բավարարել է նրա դիմումը։
Արայիկ Խանդոյանը, Աշոտ Պետրոսյանը և Արմեն Լամբարյանը մեղադրվում են շենք-շինություններ գրավելու, ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պատանդ վերցնելու մեջ։ Նրանց գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին: