Մատչելիության հղումներ

Վանաձորում վերելակների կրկնակի տեխհսկողություն կիրականացվի


Վանաձորի 14-ամյա բնակչուհի Լուսինե Զաքարյանը երեքշաբթի օրը չորրորդ հարկից ընկել էր վերելակի հորանը և բազմաթիվ վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ առաջին բուժօգնություն է ստացել, այնուհետև ժամեր անց տեղափոխվել է Երևան՝ լրացուցիչ հետազոտության և վիրահատական միջամտության համար:

Լոռու և Տավուշի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Կարեն Բոյաջյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ 2016 թվականի դեկտեմբերին անցկացված փորձաքննության ժամանակ Աղայան 74/1 շենքի վերելակը սարքին է եղել:

«Քննությունը կպարզի, թե հիմնական պատճառը ինչն է եղել, բայց նախնական վարկածով երևի անվտանգության կանոնների չպահպանելն է եղել», - կարծիք հայտնեց Բոյաջյանը:

«Նարեկ» համատիրության նախագահ Ռուզաննա Օհանյանն ասում է, թե տվյալ շենքի բնակիչները երբևէ չեն դժգոհել վերելակի աշխատանքից: Դեպքի մանրամասներն ու պատճառները պարզելու համար քննություն է կատարվում, մինչ այդ Օհանյանը միայն ենթադրություններ է անում․ - «Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել: Կարող է հենց էդ պահին է ծագել էդ խնդիրը»:

Վանաձորի 180 վերելակներից 46-ը չեն շահագործվում, մյուսները տարեկան առնվազն մեկ անգամ փորձաքննության են ենթարկվում, դրական եզրակացության դեպքում դեռ խորհրդային տարիներից գործող վերելակները շարունակում են շահագործվել:

Այս դեպքից հետո Լոռու մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել, մարզպետի պահանջով շահագործվող վերելակների կրկնակի տեխհսկողություն կիրականացվի, որպեսզի արգելվի անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների շահագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG