Մատչելիության հղումներ

Երևանում համերգներով հանդես կգա Ավիշայ Կոենը


Այս օրերին Հայաստանում է և այսօր ու վաղը համերգներով հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջազմենններից մեկը՝ իսրայելացի կոնտրաբասահար, երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ավիշայ Կոենը՝ իր խմբով: Համերգները տեղի կունենան «Մեցցո» ակումբում և Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հնչելու են հիմնականում հենց իր ստեղծագործությունները՝ հին ու նոր երգերը, և, ինչպես Կոենն է ասում՝ ջազ համերգն անկարելի է պատկերացնել առանց իմպրովիզացիայի:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իսրայելացի անվանի ջազ երաժիշտը պատմում էր, որ նվագել սկսել է վաղ հասակից, հետո մեկնել է Նյու Յորք, որտեղից էլ սկսվել է նրա ճանապարհը դեպի ջազը և որտեղ էլ հանդիպել է աշխարհահռչակ ջազ դաշնակահար Չիկ Կորեային, ում հետ համագործակցում է մինչև օրս:

Ի դեպ, հենց Չիկ Կորեայի հետ է Ավիշայ Կոենը 17 տարի առաջ առաջին անգամ հանդես եկել Երևանում: «Հայաստանում շատ ջերմ ընդունեցին մեզ, և ես իրոք շատ երջանիկ եմ, որ կրկին Հայաստանում եմ», - ասաց նա:

«Ազատության» հարցին, թե արդյոք լսել է հայ ջազմեններին կամ ծանոթ է նրանց ստեղծագործություններին, Կոենը պատասխանեց, որ ճանաչում է Տիգրան Համասյանին․ - «Նա հիանալի դաշնակահար է: Նա գալիս էր իմ համերգներին, երբ դեռ երեխա էր: Առաջին անգամ, երբ եկել էի 17 տարի առաջ, նա ընդամենը 12 տարեկան էր»:

Ասաց, որ գիտի նաև System of a Down-ին և նրա հայազգի ղեկավարին, բայց այլ հայ երաժիշտների չի ճանաչում՝ հույս հայտնելով, որ այստեղ կփորձի ծանոթանալ թե՛ նրանց հետ, թե՛ լսել նրանց ստեղծագործությունները:

Ավիշայ Կոնեն իր խմբով հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ երկրներում, մեծաթիվ երկրպագուների բանակ ունի: Նա համոզված է, որ հաջողության հասնելու համար երաժիշտը պիտի շատ ազատ մտածողություն ունենա, անընդհատ լսի այս պահին աշխարհում ծնունդ առնող նոր երաժշտությունն ու անընդահատ ինքնազարգացմամբ զբաղվի:

Իր նախասիրությունների մասին պատմելու խնդրանքից երաժիշտն արձագանքեց․ - «Սիրում եմ մարդկանց, նրանք շատ հետաքրքիր են: Շատ եմ սիրում բնությունը: Սիրում եմ խաղաղությունը: Եվ վերջապես շատ եմ սիրում երաժշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG