Մատչելիության հղումներ

Բեռլինը կարճ ժամանակ անց կհստակեցնի իր զինծառայողներին «Ինջիրլիք»-ից դուրս բերելու հարցը


Գերմանական «Տորնադո» տիպի ռազմական ինքնաթիռը «Ինջիրլիք» ավիաբազայում, արխիվ
Գերմանական «Տորնադո» տիպի ռազմական ինքնաթիռը «Ինջիրլիք» ավիաբազայում, արխիվ

ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Գերմանիայի իշխանությունները որոշում կկայացնեն՝ թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից իրենց զինվորականներին դուրս բերել, թե ոչ:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում թուրքական կողմի հետ, և մինչև հունիսի կեսը աշխատելու են լուծում տալ դրան։

Անցած շաբաթ գերմանացի օրենսդիրները վերջին պահին անակնկալ կերպով չեղարկել էին իրենց այցը Թուրքիա: «Բունդեսթագի» փոխնախագահ Կլաուդիա Ռոթն ասել էր, թե թուրքական կողմը պատգամավորներին հայտնել է, որ այցելությունն անժամանակ է: Բացի այդ, Անկարան հրաժարվել է ապահովել նաև գերմանացի պատվիրակների անվտանգությունը: Թուրքիան նախկինում էլ «Բունդեսթագի» պատգամավորներին թույլ չէր տվել այցելել «Ինջիրլիք» ավիաբազա։

Առաջացած ճգնաժամի հետևանքով պաշտոնական Բեռլինի օրակարգում է հայտնվել գերմանացի զինծառայողներին Հորդանան կամ տարածաշրջանի մեկ այլ երկիր տեղափոխելու հարցը։ Գերմանական մամուլի փոխանցմամբ, Գերմանիայի պաշտպանության նախարարն այս հարցն արդեն քննարկել է Հորդանանի թագավորի հետ։

Մինչ գերմանական իշխանություններն իրենց զինվորականների տեղակայման համար այլընտրանք են փնտրում, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական և ընդդիմադիր ձախակողմյան կուսակցությունները դաշնային կառավարությանը կոչ են անում՝ անհապաղ որոշում կայացնել։ Սոցիալ-դեմոկրատների միջազգային հարցերով խոսնակ Նիլս Աննենը հայտարարել է, թե Թուրքիային տրված երկու շաբաթը շատ երկար ժամանակ է։ «Մենք այլևս չենք կարող թուրքական կառավարությանը թույլ տալ՝ իր ուզած խաղը խաղալ»,- ասել է Աննենը։

Թուրքիայի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայի շուրջ առաջացած ճգնաժամը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել էին նաև անցած շաբաթ Բրյուսելում կայացած՝ ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովի ժամանակ, սակայն, որևէ համաձայնության չէին եկել։ Էրդողանը Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել էր՝ եթե Գերմանիան ցանկանում է հրաժարվել «Ինջիրլիք»-ից, ապա իրենց մնում է միայն «ցտեսություն ասել»:

«Ինջիրլիք» ռազմակայանում Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ, վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ և շուրջ 250 զինծառայող ունի, որոնց միջոցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին։

ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակից երկրների միջև հարաբերությունները սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լարվածության մեկ այլ պատճառ էլ դարձավ այս տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթների արգելումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG