Մատչելիության հղումներ

Թոմ Քաթինան հասանելիք դրամական պարգևը կուղղի մարդասիրական ծրագրերի


Թոմ Քաթինա
Թոմ Քաթինա

«Ավրորայի» 1 միլիոն դոլար պարգևին արժանացած կաթոլիկ միսիոները տարեկան մոտ 1000 վիրահատություն է կատարել, սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Սուդանի Նուբա լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան, ով երեկ դարձավ «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկիրը, հազարավոր կյանքեր է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Նուբայի տարածաշրջանի պատերազմական գոտում:

1 միլիոն դոլար պարգևի արժանացած Քաթինան տարեկան մոտ 1000 վիրահատություն է կատարել, սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: «Ավրորայի» մրցանակը երեկ նրան հանձնեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նյու Յորքից Սուդան տեղափոխված բժիշկը «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից: Քաթինան իր խոսքում նշեց՝ երբ պատերազմը սկսվել էր, իրեն առաջարկվել է դուրս գալ երկրից, բայց պնդել է, որ կմնա։

«Երբեմն մարդիկ ինձ հարցնում են՝ ո՞րն է քո աշխատանքի ամենադժվար մասը: Պատասխանը շատ պարզ է՝ ամենադժվարը տեսնելն է, թե ինչպես են քո հիվանդները մահանում, դա կործանիչ ցավ է: Պատկերացրեք՝ մեկ օրվա մեջ մահանում են ձեր հիվանդներից երեքը կամ չորսը: Այդ մարդիկ, ովքեր նման ցավ են տեսել, իդեալիստների կարիք չունեն: Նրանք մեզնից հրաշքներ չեն սպասում: Նրանք միայն կարիք ունեն մեկի, ով կնստի և կտառապի իրենց հետ: Ահա թե ինչի կարիքն ունեն նրանք: Եթե դու կարող ես դա անել՝ դու կօգնես այնտեղ գտնվող բոլոր մարդկանց:

Ես իսկապես գնահատում եմ «Ավրորան» և այն, ինչ նրանք անում են, քանի որ իմ խնդիրն է՝ օգնել հանրայնացնել այն վիճակը, որում գտնվում են Նուբայի լեռների մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աննկարագրելի տառապանք են ապրում: Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար»,- ասաց ամերիկացի բժիշկը:

Քաթինան, ով հայտնի է նաև «Նուբայի Հիսուս Քրիստոս» անունով, նախորդ տարի ևս «Ավրորա»-ի հավակնորդների թվում էր, սակայն, Երևան գալ չէր կարողացել՝ հնարավորություն չունենալով թողնել իր հիվանդներին: Այս տարի երեք հայ բժիշկներ ուղևորվել են պատերազմական այդ գոտի՝ Քաթինայի բացակայության ժամանակ նրան փոխարինելու համար:

Թոմ Քաթինան իրեն տրամադրվող 1 միլիոն դոլարը տրամադրելու է մարդասիրական գործունեությամբ զբաղվող երեք կազմակերպությունների: Իսկ անձնապես իրեն հասանելիք 100 հազար դոլարի պարգևը, վիրաբույժի խոսքով, ամենայն հավանականությամբ, կուղղվի 500 հազար մարդու սպասարկող իր հոսպիտալի բարեկարգմանը:

Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին ինչպես հայաստանյան քաղաքական վերնախավի անդամները, այնպես էլ միջազգային հումանիտար ոլորտի ներկայացուցիչներ ու անգամ նոբելյան մրցանակակիրներ: Միջոցառման ժամանակ հնչեց հայտնի «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ Երևանում չէր: Իր տեսաուղերձում նա ասաց, որ պատճառը ընտանիքում զույգ երեխաների սպասվող ծնունդն է: «Ես իսկապես կցանկանայի լինել այդտեղ, բայց եթե գայի և այդ ընթացքում կինս զույգին ծննդաբերեր, ես այլևս տուն վերադառնալ չէի կարողանա»,- ասաց Ջորջ Քլունին:

Մրցանակաբաշխությունից հետո դափնեկիրն ու «Ավրորայի» երեք համահիմնադիրները հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանն անդրադարձավ շրջանառվող կարծիքներին, թե ավելի լավ կլիներ, որ մրցանակի վրա ծախսվող միլիոնավոր դոլարները տրամադրվեին հայաստանցիներին օժանդակելու ծրագրերին:

«Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր ասում են՝ ինչու՞ այս գումարը չեք ծախսում սննդի վրա: Մենք կարող ենք կերակրել մարդկանց 2 ամիս, բայց դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն է՝ գործել, որպես աշխարհի բարոյական առաջնորդներ: Շնորհակալություն Ռուբեն Վարդանյանին ու Նուբար Աֆեյանին՝ անձնական մեծ ներդրում անելու համար: Նրանք կարող էին դղյակներ, ադամանդներ առնել, կամ կարող էին կազինոներ կառուցել Հայաստանում: Ես չեմ տեսել որևէ մեկին, որը կքննադատեր կազինոները: Նեղմիտ լինելու ժամանակն ավարտվել է: Միշտ լինելու են մարդիկ, որոնք քննադատելու են ամեն ինչ: Բայց ի՞նչ են նրանք առաջարկում՝ ոչինչ»,- ասաց Վարդան Գրեգորյանը:

«Ավրորայի» մյուս համահիմնադիր՝ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանն էլ նշեց, որ երկու տարի առաջ սկսելով այս նախաձեռնությունը, իրենք երեք հիմնադիրներով խնդիր ունեին Հայաստանի անունից նոր ուղերձ հղել աշխարհին, որպես վերապրած ժողովուրդ:

«Մենք ազգ ենք, որը 20-րդ դարում մեծ տառապանք է ապրել, մենք գիտենք՝ ինչ է նշանակում ցավ ապրել, և հիմա մենք ցանկանում ենք վերադարձնել: Եվ անկախ նրանից, որ մենք ամենահարուստ երկիրը չենք, անկախ նրանից, որ շատ խնդիրներ կան, անկախ նրանից, որ բոլորս տնտեսական ու սոցիալական ծանր ճնշման տակ ենք՝ մենք կարող ենք անել դա»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա հույս հայտնեց, որ «Ավրորան» կդառնա հարատև մարդասիրական նախաձեռնություն: Գործարարը երազանք ունի՝ Սիրիայում խաղաղության հաստատումից հետո մրցանակաբաշխությունն իրականացնել Դեր Զորի անապատում, որտեղ 100 տարի առաջ հազարավոր հայեր են սպանվել:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է՝ արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու հարցում։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG