Մատչելիության հղումներ

Գործարար․ ԵԱՏՄ-ն խոչընդոտում է մեր արտահանմանը ԵՄ ու Վրաստան


Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, արխիվ։
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, արխիվ։

Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանի կարծիքով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստաթղթերի կիրառումը սկսել է խոչընդոտներ հարուցել հայաստանյան գործարարների համար՝ միությունից դուրս արտահանումներ իրականացնելու ժամանակ:

Գործարարը, ով զբաղվում է սուրճի վերամշակմամբ և արտահանմամբ, նշեց, որ հումքից աղքատ Հայաստանում բազմաթիվ են օրինակները, երբ որևէ ապրանք արտադրելու համար հումք են ներկրում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից:

Նախկինում Հայաստանում այդ հումքի վերամշակման արդյուքնում ստացված արտադրանքը ներկայացվում էր որպես հայաստանյան, ինչը թույլ էր տալիս այն առանց մաքսատուրքի արտահանել Եվրամիության երկրներ և Վրաստան: Այժմ, ԵԱՏՄ շրջանակներում կնքված «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» համաձայնագրից հետո, հետևելով ԵԱՏՄ պահանջներին, մաքսավորները պահանջում են որպես ծագման երկիր նշել այն պետությունը, որտեղից ներմուծվել է հումքը: Արդյունքում արտադրանքն այլևս չի կարող ներկայացվել որպես հայաստանյան, ուստի չի կարող առանց մաքսատուրքի վաճառվել Եվրամիությունում ու Վրաստանում:

«Խոսքը լուծվող սուճի մասին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մխջյանը: - «Որովհետև լուծվող սուրճի գործարան մենք չունենք Հայաստանում, չենք կարող լուծվող սուրճ ստանալ, դա բավականին թանկ հաճույք է: Կոնկերտ ին դեպքում ես մի հոլանդական ընկերությունից եմ գնում այդ սուրճը, որը գտնվում է Եգիպտոսում: Արտահանման ժամանակ, քանի որ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո այդ ապրանքի կոդը չի փոխվում, ուրեմն նրանք համարում են, որ բավարար վերամշակում տեղի չի ունեցել, դրա համար էլ ծագումը հայկական չի ստանում»:

Ընդ որում, ըստ Մխջյանի, ԵԱՏՄ պահանջները կիրառվում են ընտրողաբար․ - «Ու ես հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչու իմ սև սուրճը, որը նորից կանաչ սուրճ չի աճում Հայաստանում, բայց բերում ենք, բայց բերում ենք, ինչ-որ մի հատ կոդ վերջում փոխվում է, դրան ծագում տալիս են, իսկ լուծվող սուրճին չեն տալիս: Այդ սուրճը եկել է, խառնվել է ուրիշ նյութերի հետ, խառնվելուց հետո փաթեթավորվել է, ստացել է պիտակավորում որպես «Made in Armenia», բայց մարդիկ պահանջում են, որ մենք դրա ծագումը գրենք եգիպտական, ինչ է թե մենք էդ սուրճը Եգիպտոսից ենք բերել: Բայց եթե իրականության մեջ նայենք, սուրճ, սերուցք կա և շաքար կա: Այդ երեքի մեջից սուրճի բաղադրությունը ամենափոքրն է»:

Արտահանողների միության ղեկավարը բերեց այլ օրինակներ․ - «Իրենք տարբեր մարգարիններ, յուղեր մեծ բլոկներով բերում են, նորից հալացնում են, ինչ-որ համեմունքներ են մեջը ավելացնում, փոքր, ավելի մանր փաթեթավորումներ են անում, որ ավելի մատչելի լինի հանրության համար, և վաճառում են որպես «Made in Armenia», որպես հայկական․․․ Նույն ձևով, ասենք, արևածաղկի սերմերը: Լիքը էսպիսի բաներ կարող եմ թվարկել, որ Հայաստանում լիքը մարդիկ են աշխատում դրա տակ․․․ Ես, լինելով Հայաստանի արտահանողների միության նախագահ, չկարողանամ իմ ապրանքը արտահանեմ»:

Պարզաբանման նպատակով «Ազատությունը» դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին: Արձագանք ստանալու դեպքում այն կներկայացնենք:

«Այսօր, երբ հարյուրավոր, հազարավոր տոննաներով ապրանքը Թուրքիայից բերում են, հայկական ծագում են տալիս և նորից ուղարկում են Ռուսաստան․․․ Ու ես, երբ մի քանի հարյուր կիլո լուծվող սուրճը չեմ կարողանում հայկական ծագում ստանամ, բերեք համեմատություն արեք: Սա աբսուրդի հասնող խնդիր է», - եզրափակեց Րաֆֆի Մխջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG