Մատչելիության հղումներ

Պյոտր Սվիտալսկի․ Հայաստանն ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, Երևան, 27-ը մայիսի, 2017թ․
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի, Երևան, 27-ը մայիսի, 2017թ․

Հայաստանն ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է, իսկ Եվրամիությունը Հայաստանի զարգացման ծրագրերի ամենամեծ դոնորն ու աջակիցն է։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ Եվրոպայի օրվա ծրագրի պաշտոնական ավարտին նվիրված միջոցառումներին մասնակցելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:

Շաբաթ օրը նախքան Հյուսիսային պողոտայում բացված շուրջ մեկ տասնյակ տաղավարներով շրջելը ճեպազրույցի ընթացքում ի պատասխան «Ազատության» հարցի՝ կիսո՞ւմ է արդյոք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունը, որ հակակոռուպցիոն մարմնի անկախությունը կասկածի տակ է դրվում, եթե Ազգային ժողովն է հանձնաժողովի կազմն ընտրելու, ԵՄ դեսպանը չշտապեց գնահատական տալ, նշելով․ - «Մենք հավատում ենք, որ այսպիսի մարմնի ձևավորումն առհասարակ արդեն իսկ լավ զարգացում է»:

«Որոշ ժամանակ է՝ Եվրամիությունը և ես անձամբ խրախուսում ենք այսպիսի մարմնի ձևավորումը: Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է այդ մարմնի անկախությունը, որովհետև այլ երկրների փորձառությունն ապացուցում է, որ այսպիսի մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե այն անկախ է և չի կառավարվում որևէ մեկի կողմից», - ասաց Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Այսպիսով, մենք ողջունում ենք այս քայլն ու կառավարության կողմից օրենքի նախագծի ձևավորումը, որովհետև կարծում ենք, որ սա մեկ քայլ է դեպի առաջ: Բայց մենք այս մարմնի անկախության մասին կդատենք արդեն նրա գործողություններով: Դեռ կտեսնենք, թե ինչպես նրանք կաշխատեն: Նույնիսկ երբ իմանանք անունները, չենք կարող կանկախալ դատողություններ անել, որովհետև ցանկացած նոր հիմնված մարմնի պետք է տանք գործունեության հնարավորություն: Հետևաբար, ես հուսով եմ, որ շուտով մենք կիմանանք թեկնածուների անունները»:

«Ազատության» դիտարկմանը, թե իրավապաշտպանների կարծիքով, Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ միավորումով Հայաստանը ստորադասեց մարդու իրավունքները, ԵՄ պատվիրակության ղեկավարն արձագանքեց՝ դրանք իշխող կոալիցիայի և Ազգային ժողովի ինքնավար որոշումներն են:

«Երկուշաբթի Հայաստանի հետ Բրյուսելում կունենանք մարդու իրավունքների վերաբերյալ ևս մեկ երկխոսություն: Մենք շատ ուրախ ենք փաստել, որ որոշ ոլորտներում կա առաջընթաց, բայց մենք կօգտվենք այս երկխոսության հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնենք մեր մտահոգություններն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ, ըստ մեզ, լրացուցիչ առաջընթաց է անհրաժեշտ: Դուք հիշատակում եք նոր Ազգային ժողովի ներքին հանձնաժողովներից մեկը՝ սրանք իշխող կոալիցիայի և Ազգային ժողովի ինքնավար որոշումներն են: Մենք կխրախուսենք ԱԺ-ին մարդու իրավունքների հարցը շատ բարձր դասել իր օրակարգում: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն առաջարկներ ու կոչեր է արել ԱԺ խոսնակին, փոխխոսնակին ու քաղաքական կուսակցությունների խմբակցությունների ղեկավարներին», - ասաց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Հիշեցնենք՝ օրերս Հայաստան էր այցելել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը:

ԵՄ դեսպանը միանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությանը

Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ վերջին օրերին սահմանային լարվածությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա ասաց, որ միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ին արված բացառիկ հասցեական հայտարարությանը: Այդ հայտարարությամբ Մինսկի խմբի միջնորդներն արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով, և որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա:

Եվրամիության դեսպանն ընդգծեց՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա: «Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի, մենք հավատում ենք, որ չկա այս հակամարտության ռազմական լուծում: Եվրամիությունը պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո: Հետևաբար, երբ այս հակամարտությունը լուծվի և երբ խաղաղություն լինի Լեռնային Ղարաբաղում, Եվրամիությունը պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել տեղի բնակիչներին», - վստահեցրեց Սվիտալսկին:

«Գործը թողնում ենք անկախ դատարաններին»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ի պատասխան լրագրողների հարցերի անդրադարձավ նաև Եվրոպական միության դրամաշնորհների հափշտակության գործին: Հերթական անգամ նա կրկնեց՝ այս չարաշահումների դեպքերը բացահայտվել էին հենց Եվրամիության պատվիրակության կողմից, հետաքննությունն էլ վարել էր Եվրամիության հակակոռուպցիոն գործակալությունը: «Գործը թողնում ենք անկախ դատարաններին», - ընդգծեց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով․ - «Մենք հետևում ենք «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականությանը»: Հիշեցնելով, որ Եվրամիությունը Հայաստանի կառավարությանը ամեն տարի 30 միլիոն եվրո է փոխանցում, նա շեշտեց․ - «Եվ մենք ցանկանում ենք, որ դրանք մասնավոր գրպաններում չհայտնվեն»:

Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ ձերբակալվեց Հայաստանում Եվրամիության գրասենյակի պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը, նա մեղադրվում է ծրագրերի համար հատկացված գումարի հափշտակման համար, գործով անցնում են տասնյակ այլ անձինք ևս: Մայիսի սկզբին անդրադառնալով այդ սկանդալին՝ Պյոտր Սվիտալսկին ընդգծել էր, որ խարդախությունը բացահայտվել է հենց ԵՄ-ի կողմից, և դա վկայում է, որ Եվրամիության վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում, կառույցը վճռական է կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է այն դրսևորվում:

Երևանի քաղաքապետն շտապում էր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին Եվրոպայի օրվա կապակցությամբ, շրջեց նրա հետ Հյուսիսային պողոտայում բացված տաղավարներով: «Ազատության» հարցին՝ «Պարոն Մարգարյան, հիմա Եվրասիական տնտեսական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն», քաղաքապետն արձագանքեց՝ «շտապում եմ», ու հեռացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG