Մատչելիության հղումներ

Կոնգրեսի ՆՊ հանձնաժողովը ԱՄՆ-ում Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել


«Ամերիկայի հայկական համագումարի» հաղորդմամբ՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է պալատի 354 բանաձևը: Այդ բանաձևը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ բարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացնելով բանաձևը՝ հանդես եկան «օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու» կոչով:

354 բանաձևի ընդունման կապակցությամբ՝ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է. «Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժանորեն ծեծել, խեղդել և ոտքերով հարվածել են ցուցարարներին առանց դրդապատճառի հարձակման ժամանակ, որի նպատակն էր՝ լռեցնել Ամերիկայի այս քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների իրավունքը: Ժամանակին ընդունված այս բանաձևը հստակ ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա կառավարության՝ ճնշել մեր քաղաքացիների իրավունքները»:

Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ՝ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Բանաձևում նաև նշված է. «Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատություններն այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

«Ամերիկայի հայկական համագումարը» երախտագիտություն է հայտնելՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ այս հարցի արագ քննարկման և երկկուսակցական բանաձևի ընդունման համար: «Կոչ ենք անում Սենատին ևս հետևել այս օրինակին», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Մայիսի 16-ին, երբ դեռ ընթանում էր Թուրքիայի նախագահի այցը ԱՄՆ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ տեղի ունեցան Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի աջակիցների, այդ թվում՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցների և խաղաղ ցուցարարների միջև։ Բռնությունների հետևանքով առնվազն 9 ցուցարար վիրավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG