Մատչելիության հղումներ

Իտալիայում սկսվել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը


Աշխատանքային ընթրիք Մեծ յոթնյակի՝ Իտալիայում մեկնարկած գագաթնաժողովի շրջանակներում, 26-ը մայիսի, 2017 թ․
Աշխատանքային ընթրիք Մեծ յոթնյակի՝ Իտալիայում մեկնարկած գագաթնաժողովի շրջանակներում, 26-ը մայիսի, 2017 թ․

Մեծ յոթնյակի առաջնորդների այս հանդիպումն առաջինն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի համար:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան Իտալիա է մեկնել Բրյուսելից, որտեղ առաջին անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպմանը:

Մեծ յոթնյակի այսօրվա գագաթնաժողովն առաջինն է ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնի, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի համար:

Հանդիպման առաջնահերթ օրակարգային հարցերից մեկը ահաբեկչության դեմ պայքարն է: Սպասվում է, որ Դոնալդ Թրամփն առանձին հանդիպում կունենա Թերեզա Մեյի հետ, ով ավելի վաղ ասել էր, թե մտադիր է ԱՄՆ նախագահի հետ քննարկել Մանչեսթրի ահաբեկչությանն առնչվող գաղտի տեղեկատվության արտահոսքի հետ կապված հարցեր: Մանչեսթրի համերգասրահներից մեկում մայիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 22 մարդ էր զոհվել, 59-ը վիրավորվել էին, առավելապես անչափահասներ:

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներն ակնկալում են նաև Թրամփից պարզաբանումներ ստանալ գլոբալ ջերմացմանն առնչվող հարցերի շուրջ, քանի որ դրանց հետ կապված որոշակի տարաձայնություններ ունեն ԱՄՆ-ի նախագահի հետ:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը, Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ: Հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, որ բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ իրականացրած Հյուսիսային Կորեան մեծ խնդիրներ է առաջացնում, որոնք լուծման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ դրանք կլուծվեն:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ յոթնյակի առաջնորդներին կոչ է արել՝ պաշտպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Մոսկվայի կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելյան շրջաններում ծավալվող գործողություններին միջամտելու կապակցությամբ:

Տուսկը լրագրողներին ասել է, թե Մեծ յոթնյակի նախորդ հանդիպումից հետո, որն անցկացվել էր Ճապոնիայում, ոչինչ տեղի չի ունեցել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականությունը փոխելու համար: «Ես կդիմեմ Մեծ յոթնյակի առաջնորդներին՝ վերահաստատելու այդ քաղաքականությունը»,- ընդգծել է նա:

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել հունական ամֆիթատրոնում, որտեղ յոթ առաջատար երկրների առաջնորդները լուսանկարվել են միջերկրական ծովի ֆոնին: Սիցիլիայի Տաորմինա քաղաքն անտիկ շրջանում հիմնել են հին հույները: Հանդիպումից առաջ «Թվիթեր»-ի իր էջում Թրամփը գրել է՝ Մեծ յոթնյակի առաջնորդները պատրաստ են շատ հարցերի քննարկմանը, ներառյալ՝ տնտեսական աճը, ահաբեկչության դեմ պայքարն ու անվտանգությունը:

Իտալիան Դոնալդ Թրամփի առաջին արտերկրյա շրջագայության վերջին կանգառն է: Մինչ Եվրոպա մեկնելը, ԱՄՆ նախագահն այցելել էր մերձավորարևելյան տարածաշրջանի երկրներ: Նա շրջագայությունը սկսեց Սաուդյան Արաբիայից, որտեղ ավելի քան 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի վաճառքի համաձայնագրեր ստորագրվեցին:

Ապա, Թրամփը Իսրայելում բանակցություններ վարեց այդ երկրի ղեկավարների, ինչպես նաև Պաղեստինյան ինքնավարության առաջնորդի հետ: Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի պապի հետ, Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպանը: Իսկ այսօր Իտալիայում ԱՄՆ նախագահը մասնակցում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովին:

Նախագահի պաշտոնում իր առաջին շրջագայության մասին Թրամփը «Թվիթեր»-ում գրել է, թե այն «շատ հաջողված էր»: «Հենց նոր ժամանեցի Իտալիա՝ մասնակցելու Մեծ յոթնյակի հանդիպմանը: Շրջագայությունը շատ հաջող էր: ԱՄՆ-ի համար մենք ապահովեցինք միլիարդավոր դոլարներ և միլիոնավոր աշխատատեղեր»,- գրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG