Մատչելիության հղումներ

«Վերջին զանգին» ընդառաջ ակտիվացել են խոսակցությունները դրամահավաքի մասին


«Ազատության» հետ զրույցում կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգողներից Մարիամ Բադալյանը նշեց, թե կախված դպրոցից ու շրջանավարտների ծնողների հնարավություններից, հավաքվող գումարի չափը տատանվում է 25-100 հազարի սահմաններում:

Նորաստեղծ նախաձեռնությունը ծնողներից ստանում է դժգոհություններ, որ տարբեր դպրոցներում գումար են հավաքում ուսուցիչներին նվերներ գնելու կամ ավարտական միջոցառում կազմակերպելու համար։

«Հինգ հազար դրամ տարրական դպրոցի ավարտական սեղաններ գցելու համար 88 դպրոցից, 8-րդ մասիվի դպրոցներից մեկի համար է էստեղ նշված: Թերթիկ են տվել ծնողներին ստորագրելու, որպես հավաստիացում, որ գումար չի հավաքվում իրենցից, այնուհետև անմիջապես պահանջնվել է իրենցից գումար՝ 16 հազարական դրամ», - ասաց Բադալյանը:

Նամակների հոսքն ավելանում է, բայց հրապարկվելու դեպքում դրանք դառնում են անանուն։ Նման մի նամակ էլ խումբը ստացել է Երևանի թիվ 178 հիմնական դպրոցի ծնողներից մեկից։ Ավարտական 9-րդ դասարանի աշակերտի ծնողը դժգոհել է, որ սեպտեմբերից սկսած ավարտական դասարաններում ամսական հավաքվել է 5000-ական դրամ։

«Ազատության» այցելության ժամանակ աշակերտները բեմում էին, ավարտական հանդեսի գլխավոր փորձն էր։ Տնօրեն Հայկուհի Սիմոնյանը հարցազրույց տալ չէր ցանկանում, բայց երբ իմացավ ահազանգի մասին՝ շտապեց հերքել․ - «Նման բան չկա»:

Նա ասաց, թե չի հետաքրքրվել՝ ծնողներն իրենց երեխաների համար գումար հավաքե՞լ են, թե՞ ոչ։ Հարցին, թե այդ դեպքում ինչ միջոցներով են զարդարել դահլիճը, դպրոցը, արձագանքեց․ - «Ես երեխաներիս նվեր եմ անում՝ և՛ փուչիկներ, և՛ ամեն ինչ, և՛ նկարներ: Ես սիրում եմ իմ բոլոր աշակերտներին: Իմ անձնական գումարից»:

Դրամահավաքի ահազանգեր ստացել է նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը․ - «Ես ահազանգ եմ ստացել, որ մի դպրոցում 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխա պիտի հավաքեր, և մի երեխա հրաժարվել է մասնակցելուց»:

Բախշյանը չմասնավորեցրեց, թե որ դպրոցից է ստացել այդ ահազանգը․ - «Քաղաքի կենտրոնի, բայց խոստում են վերցրել, որ ես չեմ բացահայտի: Թե՛ քաղաքապետարանի կրթության վարչությունը, թե՛ նախարարը հատ-հատ գիտեն բոլոր էդ կաշառակեր տնօրեններին»:

Նրա խոսքով, վերջին զանգի, նաև երեկոյան ավարտական խնջույքի համար շատ դպրոցներում են գումար հավաքում, բայց դրա մասին բացեիբաց խոսել ու ընդվզել եզակի ծնողներ են համարձակվում։

«Ազատությունը» փորձեց շրջանավարտներից ճշտել արդյոք իսկապես գումարներ հավաքվել և ինչ նպատակի են դրանք ծառայելու, սակայն նրանք խուսափեցին բարձրաձայնել հավաքված գումարի չափը:

Մայրաքաղաքում ամենաթանկ ռեստորաններից «Փարավոն»-ի մենեջեր Աննա Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ վասվա համար իրենց մոտ ամրագրված է երկու մեծ սեղան, և մեկ անձի համար վճարվող գումարը կազմում է շուրջ 10 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG