Մատչելիության հղումներ

Դպրոցների օպտիմալացման ծրագիրը միանշանակ չի ընկալվում


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արխիվ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արխիվ:

Կրթության և գիտության նախարարը Լևոն Մկրտչյանը դպրոցների օպտիմալացման կապակցությամբ անհանգստանալու հիմքեր չի տեսնում․ - «Սեգմենտալ, մասսայական կրճատումներ և այլն, այդպիսի խնդիրներ չունենք»:

Վարչապետի հաձնարարականով կրթության նախարարությունը ներկայացնելու է դպրոցների օպտիմալացման ծրագիր։ Այն վերաբերելու է քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին, որոնք ունեն մեծ տարածք և սակավ աշակերտական կազմ։

Արդյո՞ք ծրագիրը ենթադրում է, որ նման դպրոցները փակվելու են, ի՞նչ նպատակով է օգտագործվելու դպրոցի տարածքը կամ ի՞նչ է լինելու աշխատանքը կորցրած ուսուցչական կազմի հետ․ այս հարցերի պատասխանը նախարարությունը դեռ չունի կամ չի հրապարակում։

Հանրակրթության բաժնի պետ Աշոտ Արշակյանն ասաց, թե դեռ հաշվարկների փուլում են․ - «Թերբեռնված դպրոցների դեպքում կարա լինի խոշորացումներ, կարա լինի գերբեռնվածների հետ համահարթեցումներ: Այս պահին դեռ որոշված չէ»:

Նախարարությունը ելակետային տվյալ է ընդունել Ասիական զարգացման բանկի ցուցանիշները, որոնց համաձայն յուրաքանչյուր աշակերտին անհրաժեշտ է 8-12 քմ տարածք։

Այն դպրոցները, որոնք տարածքի մինչև 50 տոկոսն են օգտագործում, իսկ աշակերտների քանակը չի գերազանցում 300-ը, համարվում են թերբեռնված։ Աշակերտների պակաս ունեցող դպրոցներին զուգահեռ, հատկապես մայրաքաղաքում կան էլիտարի համարում ունեցող դպրոցներ, որոնք գերբեռնված են։ Ի՞նչ անել սրանց հետ։ Պարզվում է, նախարարությունը կրկին դեռ չի որոշել։

«Ազատությունն» այցելեց 200-ից պակաս աշակերտ ունեցող երևանյան երկու դպրոց։ Սարի թաղում գտնվող թիվ 70 դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ դպրոցի ճակատագրի վերաբերյալ դեռ որևէ հստակություն չկա: Նույնը պնդեց նաև թիվ 39 դպրոցի տնօրենը: Միայն այս երկու դպրոցների փակման դեպքում գործազուրկ կդառնա մոտ 60 ուսուցիչ։ Դ

«Դեռ լռում ենք, սակայն առանց այն էլ քիչ վարձատրվող աշխատանքը կորցնելու դեպքում հենց այնպես հանձնվել չենք պատրաստում», - առանց տեսախցիկի զրույցում հայտնում էին ուսուցիչները՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունեն։

Իսկ աշակերտների ծնողներն արդեն դժգոհում են՝ հորդորելով կառավարությանն առաջին հերթին լուծել սոցիալական խնդիրները։ Դրանք են, ըստ ծնողների, աշակերտների պակասելու հիմնական պատճառները։

«Երեխաներն են քիչ: Մարդիկ քիչ են երեխա բերում, որովհետև ապրուստ չկա», - ասաց միջին տարիքի մի կին:

Դպրոցներում սպասվող փոփոխություններն օպտիմալացում ձևակերպելու հետ համամիտ չէ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Օպտիմալացումն առավել բարենպաստ միջավայրի ստեղծումն է, ինչն այս դեպքում մասնագետը չի նկատում։ Ընդգծում է երկրում նախևառաջ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը․ - «Հետո նոր օպտիմալացում անել, որպեսզի հնարավորություն լիներ աշխատանքը կորցրած ուսուցիչներին կամ այլ մասնագետներին այլընտրանքային աշխատանքներ առաջարկել: Եթե մենք մեր ռեսուրսները խելացի չպիտի օգտագործենք, դա օպտիմալացում չի․ դա կարող ա լինի կրճատում, տեղաշարժ, միավորում»:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այլըտրանք է առաջարկում: Արձանագրելով, որ Հայաստանում կա նախադպրոցական հաստատությունների պակաս։ - «Առավել բարենպաստը էն կլիներ, որ էնտեղ, որտեղ կան ազատ կրթական տարածքներ, էնպես կազմակերպել, որ էդ տարածքում հնարավոր լիներ բացել նախակրթարաններ: Դասվարը, օրինակ, կվերապատրաստվի և կդառնա դաստիարակ: Տեսեք, կրճատում չեղավ, եղավ տեղաշարժ, եղավ առավել նպաստավոր միջավայր»:

Բլեյանի հաջորդ անհանգստությունը թերբեռնված դպրոցներում աշխատող որակյալ ուսուցիչներն են․ մեծ է վտանգը, որ նրանք կարող են առանց աշխատանքի մնալ․ - «Իսկ ո՞վ ա ասել, որ էդ կրճատման արդյունքում լավ ուսուցիչը պաշտպանված կլինի: Որո՞նք են այդ պաշտպանության մեխանիզմները, երբ որ կոռուպցիա կոչվածը կաշառքով ուսուցչի աշխատանքի, դպրոցի տնօրենի աշխատանքի նշանակելու գումարները հայտնի են»:

Հայաստանում այսօր կա 1385 դպրոց, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807 է, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված։ Միջին բեռնվածություն ունեցող դպրոցների թիվն մոտ 16 տոկոս է:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Կրթության ոլորտի պատասխանատուները, սակայն խուսափում են դպրոցների անուններ տալուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG