Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը


Գեղարքունիքի նոր մարզպետ նշանակվեց նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը․ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագիծը։

«Պարո՛ն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից ակնկալում ենք 2017 թվականին համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն», - հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գեղարքունիքի նախկին մարզպետը՝ իշխող Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ապրիլին կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ է ստացել 6-րդ գումարման Ազգային ժողովում: Իսկ նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանը, ով հենց նշանակման օրը Կառավարության ղեկավարից նոր աշխատելաոճ որդեգրելու հանձնարարություն ստացավ, վերջին՝ 5-րդ գումարման խորհրդարանում Գեղարքունիքի մարզից մեծամասնականով ընտրված պատգամավոր էր, նախ ՕԵԿ-ական, ապա լքեց «Օրինաց երկիրը», երբ այն դարձավ ընդդիմադիր։

ՀՀ ԱԺ գործունեության մասին վերլուծություններ և վիճակագրական տվյալներ հրապարակող parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ Բոթոյանը վերջին տարիներին Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի եկել և 5 տարվա ընթացքում որևէ հարց չի հնչեցրել, ելույթ չի ունեցել:

«Խորհրդարանի այս պատգամավորներին խմբավորել էինք «լուռ պատգամավորներ» շարքում», - «Ազատության» հետ զրույցում նշեց parliamentmonitoring.am-ի համակարգող Լուսինե Վասիլյանը։ - «Կարեն Բոթոյանը այդ անտարբեր կամ լռակյաց պատգամավորների ցանկում է», - նշեց նա։

Նախ ընդերքաբանության, ապա քաղաքագիտության ֆակուլտետներ ավարտած 34-ամյա երիտասարդ մարզպետը առաջիկայում մյուս մարզպետների հետ կանցնի վերապատրաստման դասընթաց Ամերիկյան համալսարանում: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ, որտեղ ձևակերպվելու են այն կառավարման կանոնները և համակարգը, որը մենք ակնկալում ենք», - մանրամասնեց վարչապետը: - «Պայմանավորվել ենք տարածքային կառավարման նախարարի հետ, որ մարզպետների աշխատանքի գնահատման հայտանիշները վերանայվելու են և տարվա վերջին մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու: Եվ մարզպետները ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն», - հավելեց Կարեն Կարապետյանը:

Անգամ եթե Կարեն Բոթոյանը Հայաստանի մյուս 9 մարզպետները վերապատրաստվեն աշխարհի լավագույն բուհերում, միևնույնն է՝ նրանց արդյունավետության մակարդակը շատ չի բարձրանա, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Ուզում եմ շեշտեմ՝ պրոֆեսիոնալիզմը չէ առաջնային խնդիրը: Մենք կարող ենք ունենալ հրաշալի պրոֆեսիոնալներ, բայց քանի որ համակարգն ինքնին արատավոր է և առաջնահերթությունները այլ են, այդ պրոֆեսիոնալների էֆեկտը շատ ցածր է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց մեկնաբանը: - «Համակարգը առաջնահերթ չի համարում հանրային, պետական շահը: Առաջնահերթը իշխանական շահն է՝ առնվազն գոնե առայժմ», - հավելեց Բադալյանը:

Բոթոյանի՝ որպես Գեղարքունիքի մարզպետ նշանակումն արդեն իշխանական, ոչ թե հանրային շահի արտահայտում է, կարծում է Հակոբ Բադալյանը, ընդ որում, ըստ մամուլի, նորանշանակ մարզպետը վայելում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող մեծահարուստ Սերգեյ Մանուկյանի հովանավորությունը, ով Բոթոյանի կնոջ հայրն է։ Որքան է վարչապետ Կարապետյանը խոսի բարեփոխումների ու կառավարման համակարգի արդիականացման մասին, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում, ինչի օրինակը Հայաստանում վարվող կադրային քաղաքականությունն է, կարծում է Բադալյանը:

«Այստեղ խնդիրը այն է, թե Կարապետյանն ի՞նքն է որոշում կադրային քաղաքականությունը ամբողջությամբ, թե՞ դե յուրե պատասխանատու լինելով նշանակման համար, դե ֆակտո ստիպված է հարմարվել օրինակ այն կադրային քաղաքականությանը, որը պատկերացնում է Սերժ Սարգսյանը», - ասում է մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG