Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը մանկապատանեկան «փարթիներ» է արտոնել շուրջ 40 հազար դպրոցականների մասնակցությամբ


«Չումբո» նախաձեռնող խումբը Երևանի քաղաքապետարանի արտոնությամբ քաղաքի 100 դպրոցների հազարավոր աշակերտների համար մասսայական միջոցառումներ է իրականացրել՝ 1-10-րդ դասարանի երեխաների խմբերին տարել են քաղաքի ռեստորաններից մեկը՝ պարելու քոչարի, ապա՝ զվարճանալու դիսկոտեկային երաժշտության հնչյունների ներքո։

Միջոցառումների գլխավոր կազմակերպիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ միջոցառումը բարեգործական է եղել, առաջնորդվել են միայն հայրենասիրական մղումներով։

«Երկրի մի շարք ղեկավարների հետ ճաշկերույթի էի հրավիրված, որտեղ ոմն մարդկանցից լսեցի արտահայտություն, որ մեր երկրում չկա մանկապատանեկան ժամանց», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հակոբյանը՝ շարունակելով․ - «Երկար ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ այո՛, կարելի է ինչ-որ տեղ ասել, որ չկա մանկապատանեկան ժամանց»:

Նրա խոսքով՝ դասերից հետո 40 հազար անչափահասներին միջոցառման տանելու թույլտվություն ստանալու համար ջանքեր չեն պահանջվել, քանի որ՝ «միանգամից բոլորը հասկացել են, թե ինչ հիանալի ծրագրի հետ գործ ունեն»։ Հակոբյանը նշեց որոշ բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ում հետ քննարկել է ծրագիրը՝ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան:

«Բնականաբար՝ լավ բան ենք ուզում անենք, և մեր ղեկավարներն էլ թույլատրեցին, որպեսզի այս ծրագրերը կյանքի կոչենք», - պատմեց նա:

Ըստ Հակոբյանի՝ ծրագրի գլխավոր առանցքը քոչարին է՝ պարուսույցներ են ուղարկել քոչարիի անվճար դասեր տալու: «Ազատության» հետ զրույցում, սակայն, մայրաքաղաքի տարբեր համայնքերի մի քանի դպրոցների ներկայացուցիչներ նշեցին, որ իրենց դպրոցում պարի ուսուցում նախապես չի կազմակերպվել։

«Չումբո» խմբի ֆեյսբուքի էջում հակասական կարծիքներ կան նախաձեռնության մասին, օրինակ մի ծնող գրել է «եթե ես ցանկանամ երեխաների համար միջոցառում անել, ապա պարզապես կհրավիրեմ, ոչ թե կպարտադրեմ», մի ուրիշն ավելացրել «ահավոր վատ, անտանելի տոթ, այս խայտառակության անուն էլ դրել են բարեգործական»։

Հոգեբան Մանե Տոնոյանը Նոր-նորքի բնակիչներից է լսել, որ դպրոցների երեխաներին խաղալու և պարելու են տանում, հետաքրքրվել ու պարզել է, որ երեխաներից հավաքված գումարով դպրոցները ավտոբուսներ ու մեքենաներ են վարձել ու երեկոյան 5-ից գրեթե մինչև 11-ը երեխաներին տարել ռեստորան՝ պարելու և խաղալու։

«Մտահոգիչ է, թե ինչով են զբաղվել երեխաները այնտեղ: Երեխաները պատմում են, որ նրանց առաջարկվել է խաղալ խաղ, որի ժամանակ կհաղթեր նա, ով ամենաբարձրը կբղավեր: Երկրորդ խաղը՝ երեխաներին առաջարկել են կքանստել, և հաղթող կլինեին նրանք, ովքեր ավելի երկար պպզած կմնայւին», - պատմում է հոգեբանը: Ընդ որում, Տոնոյանի տվյալներով, որպես մրցանակ տրվող չիպսերի համար երեխաների միջև ծեծկռտուք և հրմշտոցի դեպքեր են եղել։ - «Մենք տեսնում ենք, որ այս պարագայում երեխաները ինչ-որ բնազդային վարքի մեջ են ընկել՝ այնպիսի մի հոգեվիճակի են բերել երեխաներին դասից հետո, երեկոյան հինգին»։

Միջոցառումների նախաձեռնողը՝ Սմբատ Հակոբյանը, մինչդեռ, պնդում է․ - «Դրանք ուղղակի ժամանցային խաղեր են, որոնք երեխաներին հաճելի են: Եթե նմանատիպ փոքրիկ բողոքներ կան, դա միմիայն ծնողների կողմից են: Պրոյեկտը կազմակերպված է երեխաների համար, և ոչ մի երեխա չի բողոքել»:

«Ազատությանը» հաջողվեց ներկա գտնվել «Չումբո» խմբի կազմակերպած միջոցառումներից վերջինին՝ Էրեբունիի և Արաբկիրի ավելի քան 10 դպրոցների աշակերտների մասնակցությամբ, այս անգամ ոչ թե ռեստորանում, այլ «Մերիդիան» էքսպո սրահում, որի դահլիճը սեփականատերերը բարեգործական հիմունքներով են տվել «Չումբոյին»։ Խրախճանքի, կամ ինչպես գրված նախաձեռնության էջում՝ փարթիի առաջին 40 րոպեների ընթացքում հազարավոր երեխաների միաժամանակ փորձ էր արվում սովորեցնել քոչարի պարից մի հատված։ Ապա դիջեյները սկսեցին նվագել սովորական դիսկոտեկային երաժշտություն, որի հնչյունների ներքո նեղ տարածքում միմյանց կողք-կողքի պարում էին օրինակ 2-րդ և 9-րդ դասարանցիները։

Չնայած տոթին՝ 3 ժամ տևած բարեգործական միջոցառման մասնակից երեխաներին անվճար ջուր չէր տրամադրվում, սակայն տարածքում վաճառվում էին գազավորված ըմպելիքներ, ջրեր, տորթ և չիպս։ Հսկայական սրահն ուներ տեսանելի ընդամենը մեկ ելք, մոտակայքում չկային շտապօգնության մեքենաներ: Ներկա էին մի քանի ոստիկաններ և «Մերիդիան» սրահի անվտանգության մի շարք աշխատակիցներ։

Սմբատ Հակոբյանի խոսքով՝ անհնար է մեծ միջոցառում անել առանց որոշ բացթողումների․ - «Հնարավորինս բոլոր տեսանկյուններից մենք ապահովել ենք: Կոնկրետ՝ շտապօգնություն չէինք հրավիրել, դա կարող է լինել մեր կողմից ինչ-որ թերացում, բայց հիվանդանոցը այստեղ մոտակայքում է»:

Ի դեպ, կազմակերպիչ Հակոբյանը միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ փարթիին ներկա էին 6 դեսպաններ: Միջոցառումից հետո «Ազատությունը» փորձեց պարզել, թե կոնկրետ ո՞ր դեսպաններն էին եկել: Հակոբյանը պարզաբանեց․ - «Դեսպաններին մենք հրավերներ էինք ուղարկել, մի քանիսը եկել էին: Ես անձամբ չեմ տեսել, բայց տեղյակ եմ, ինֆորմացված եմ, որ մի քանիսը հրավերները ընդունել էին և հարգելով երեխաներին՝ եկել էին»:

Տարբեր աշակերտներից տեղեկացանք, որ նրանց ասվել է, թե գնում են քոչարի պարել սովորելու, որպեսզի մասնակցեն համահայկական քոչարիի տոնախմբության: Սմբատ Հակոբյանն ասաց՝ նման պլաններ չունեն, որոշ դպրոցներում էր ուսուցիչները հայտարարել են, որ խնջույքին ներկա էր գտնվելու վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից կտրուկ հերքեցին այս լուրերը։

Բացի այդ, Հակոբյանի խոսքով՝ Կրթության նախարարությունը ևս հավանություն է տվել «Չումբոյի» նախաձեռնությանը:

«Գիտության, կրթության նախարարին էլ ենք մենք դիմել, մենք անգամ ուզում էինք Վերջին զանգեր կազմակերպել մեր քաղաքի համար», - պատմեց նա:

Նախարարությունից հերքեցին այս տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG