Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ:
«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է: Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատասխանատվության միջոցներ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
2015 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում էր հենց վարչապետը: Իրավապաշտպանների դիտարկմամբ, այդ խորհուրդը, ինչպես և նախկինում ստեղծված համանման կառույցները, նպատակային չի գործել և ավելի շատ ունեցել է ցուցադրական նշանակություն: Իբրև այդ փաստարկների ապացույց, մատնանշվում էր կոռուպցիոն փաստերի վերաբերյալ մամուլի հաղորդումներին խորհրդի ոչ համարժեք արձագանքը: