Մատչելիության հղումներ

Հրանուշ Խառատյան․ Մարդիկ արտագաղթում են հիմնականում արդարության պակասի պատճառով


Այսօր չկան միջոցները, ստեղծված չեն պայմանները երկրի բնակչության թիվը մեծացնելու համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի խոստմանը, որ Հայաստանը 2040 թվականին 4 միլիոն բնակչություն է ունենալու, ազգագրագետը շեշտեց․ - «Ես չգիտեմ, եթե իրենք մի ծրագիր ունեն, ինքը մի թաքուն ծրագիր ունի, որը ինչ-որ առասպելական ձևով ինքը հնարավոր է համարում իրականացնել մի երկրում, որտեղ անարդարությունն ու անարդարադատությունը խրախուսվում են ամենաբարձր մարմինների կողմից, որտեղ ընտրությունների ժամանակ մարդիկ են սպանվում, և դրանք ոչ մեկը չեն անցնում նորմալ քննություն, բիզնես ծրագրերը բանկերում միայն կենցաղային կարիքների համար են՝ թղթերի վրա մենք ահռելի բիզնես կյանքով ապրող ժողովուրդ ենք, եթե էս բոլորի դիմաց ունեն մի ինչ-որ թաքուն ծրագիր, լավ կլիներ տեսնել, որ կարողանանք դատողություններ անել»: Հակառակ դեպքում, շարունակեց Խառատյանը, իրեն մնում է ասել, որ սա «նույնիսկ ամոթը չզսպող հայտարարություններ են, բառեր են»:

«Ձեր դիտարկումներն ի՞նչ են ցույց տալիս, ի վերջո՝ արտագաղթի մեծ տեմպերը, այս իրավիճակը դեմոգրաֆիական բավական մտահոգիչ, հիմնական պատճառը ո՞րն է, անարդարությո՞ւնն է, թե՞ նաև աղքատությունն է, սոցիալական խնդիրներն են», - այս հարցին ազգագրագետը արձագանքեց․ - «Շատ-շատ հարցեր: Ամեն ինչը կախված է երկրում մարդուն տրված հնարավորությունից: Մեր մոտ թղթի վրա մեծ հնարավորություններ կան, փաստական կյանքում ոչ միայն մեծ հնարավորություններ չկան, այլև նույնիսկ խաղի կանոնները հասկանալի չեն՝ «ում, երբ, որտեղ, ինչպես»-ը հասկանալի չէ, «ում փող տաս»-ն էլ հասկանալի չէ, որ խնդիրդ լուծվի, եթե դու տնտեսական դաշտում կարող է հանկարծ մրցակցություն ունենաս, և այլն: Այսինքն՝ իմ ասածը նույնիսկ իրավունքը չէ, որքան՝ արդարությունը, որը գործում է տվյալ իրավիճակում ստեղծված հարաբերությունների դաշտում»:

«Իհարկե, շատ ավելի լավ կլիներ իրավունքի մասին խոսեինք՝ օրենքի իմաստով, բայց ես արդեն վաղուց օրենքի մասին չեմ խոսում՝ պարզ է, որ օրենքի կիրառությունը խիստ սելեկտիվ է, մենք դրան արդեն սովորել ենք: Բայց մարդկային հարաբերությունների դաշտում արդարության խնդիր, որ ես հասկանամ՝ որն է արդարությունը, որ ես էդ արդարության մեջ կարողանամ կայանալ: Սրանք բոլորը դեռևս չլուծված խնդիրներ են: Իմ ասած արդարությունը և՛ հանրային արդարությունն է, սոցիալական արդարությունն է, և՛ իրավական արդարությունն է», - ընդգծեց Հրանուշ Խառատյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ արդարության պակասի պատճառով են մարդիկ արտագաղթում հիմնականում․ - «Որովհետև չեն կարող գործ սկսել, որովհետև չեն կարող երեխայի ճակատագիր ծրագրավորել և նաև այսօր արդեն չեն կարող բարոյական երեխա մեծացնել: Իրենք չեն կարող իրենց երեխաներին ասել, որ օրենքով ապրելը, իրավունքը կիրառելը, բարոյական լինելը, ազնիվ լինելը, խոսքը պահելը կարևորագույն բաներ են, իրենք գիտեն, որ մեր երկրում այդպես չէ»:

Հիշեցնենք, անցած շաբաթ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին իր ուղերձում խոսելով երկարաժամկետ տնտեսական աճի և ընդհուպ մինչև 2040 թվականի թիրախային ցուցանիշներն ապահվելու կարևորության մասին, երկրի ղեկավարը շեշտեց՝ անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, ապա ներկայացրեց բնակչության թվաքանակի աճի հետ կապված իր ակնկալիքները․ - «2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG