Գերմանացի օրենսդիրները վերջին պահին անակնկալ կերպով չեղարկել են իրենց այցը Թուրքիա, որ նախատեսված էր մայիսի 25-28-ը:
«Պատճառը Անկարայի կողմից չափից դուրս ճնշումներն են, բարձր օղակներից պատգամավորներին հայտնել են, որ այցելությունը անժամանակ է», - հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը՝ հավելելով, որ թուրքական կողմը նաև հրաժարվել է ապահովել գերմանացի պատվիրակների անվտանգությունը: «Սա փաստորեն հավասարազոր էր քաղաքական երկխոսությունից հրաժարվելուն» ,- հայտարարել է Բունդեսթագի փոխնախագահը:
Ենթադրվում էր, որ գերմանացի չորս պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Անկարա, Ստամբուլ և Դիարբեքիր: Նրանք ծրագրում էին հանդիպումներ ունենալ Թուրքիայի արտգործնախարարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրի ներքաղաքական իրավիճակը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետևանքները և Եվրամիության հետ հարաբերությունները: Ընդ որում՝ Բունդեսթագի ներկայացուցիչները չէին պլանավորել Ինջիրլիք ավիաբազա այցելել, որտեղ ծառայություն են անցնում շուրջ 250 գերմանացի զինվորականներ:
ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են ավելի քան մեկ տարի առաջ, և մինչ օրս այդ լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև օր-օրի ավելի է վատթարանում:
Մեկ տարի առաջ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո թուրքական իշխանությունները Գերմանիայի հասցեին կոշտ քննադատությունը չեն դադարեցնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը երբեմն ավելի հեռուն է գնում և շրջանցելով դիվանագիտական լեզուն՝ հաճախ օգտագործում վիրավորական արտահայտություններ: Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթների արգելումից հետո Էրդողանը քննադատության տարափ է հնչեցրել և ժամանակակից Գերմանիան համեմատել ֆաշիստական ռեժիմի հետ:
Անկարայի և Բեռլինի հարաբերություններում լարվածության ևս մեկ պատճառ է դարձել Թուրքիայիում տեղակայված Ինջիրլիք ավիաբազան: Ավելի վաղ պաշտոնական Անկարան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել ռազմաբազա: Թուրքական իշխանությունների այս որոշումը հաջորդել է Գերմանիայում դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորականների՝ ապաստան տրամադրելու դիմումները բավարարելուն: Պաշտոնական Անկարան պնդում է, որ Գերմանիայում ապաստանած թուրք զինվորականները կասկածվում են անցյալ տարի Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:
Ինջիրլիքի դռները Բեռլինի առաջ փակելուն արձագանքելով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին՝ հավանական տարբերակ համարելով Հորդանանը:
Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ եթե Գերմանիան ցանկանում է հրաժարվել Ինջիրլիքից, ապա իրենց մնում է միայն ասել՝ «ցտեսություն»: Թուրքիայի նախագահը այս մասին խոսել է Անկարայում՝ Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ այսօր Հյուսիսատլանտանյան դաշինքի անդամ երկրների իր գործընկերների հետ մասնակցելու է ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովին: