Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջեք Մեթլոքն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ կարծիք հայտնեց, թե գերտերությունները Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն խնդիրներ չեն լուծելու, յուրաքանչյուր երկիրը ինքը պետք է որոշի՝ ցանկանում է պատերազմել, թե գտնել խաղաղության ուղիներ:
«Ես ցնցված էի 1989-ին, երբ այստեղ էի և խոսեցի կոմկուսի քարտուղարների հետ: Երևանում պարոն Հարությունյանն էր, իսկ Բաքվում՝ դեսպան Վեզիրովը: Նրանցից յուրաքանչյուրն ինձ ասաց՝ մենք չենք կարող լուծել Ղարաբաղի խնդիրը, Մոսկվան պետք է դա անի մեզ համար: Բայց արտաքին ուժերը չեն լուծելու խնդիրը ձեզ համար, դուք պետք է լուծեք այն: Հզոր ռազմական ուժ ունեցող պետությունները կարող են շատ քանդել, բայց չեն կարող կառուցել», - ասաց նա:
Խորհրդային Միության վերջին տարիներին Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մեթլոքը վստահ է, որ կանխատեսումները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը, չեն իրականանա․ - «Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ցանկանում անել, բայց վերականգնել Խորհրդային Միությունը նա չի կարող: Դա անհնարին է: Եթե այդ միությունը ինչ-որ ձևով վերականգնվի դա կլինի շատ թույլ բան, քանի որ դա կնշանակի ղեկավարել մարդկանց, ովքեր չեն ցանկանում լինել ղեկավարված: Ոչինչ այնքան չի թուլացնում երկիրը, որքան իրավիճակը, երբ կառավարում են մեկին, ով չի ցանկանում լինել կառավարված»:
35 տարի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունում աշխատած Մեթլոքի կարծիքով, Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են բնականոն հարաբերություններ ունենալ․ - «Ռուսաստանի մեկուսացման հիմնական պատճառներից մեկն այն զարգացող մտայնությունն է, թե Արևմուտքը թշնամական է տրամադրված: Ես կարծում եմ, որ Արևելք - Արևմուտք առճակատման պատճառ չկա, և շատ կարևոր է, որ միջուկային գերտերությունները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ձևավորեն առավել համերաշխ հարաբերություններ: Ես չեմ կարծում, թե մեր շահերը չեն համընկնում»:
Ապագայի մասին փորձառու ամերիկացի դիվանագետը կանխատեսումներ անել չի ցանկանում․ - «Առաջին անգամ, երբ եկա Երևան և նայեցի իմ հյուրանոցից դուրս՝ տեսա Իոսիֆ Ստալինի հսկա արձանը, իսկ հաջորդ առավոտ, երբ արթնացա, այն արդեն քանդված էր»:
Իսկ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Սունին կրկնեց տարիներ առաջ իր հնչեցրած այն միտքը, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի պատկերացնում․ - «Մեր աշխարհաքաղաքական դիրքը շատ վտանգավոր է, որովհետև մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Վրաստանը այդպիսի լավ բարեկամ չէ, որովհետև շատ մեծ պրոբլեմներ կան այստեղ: Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին, բայց որպես բարեկամ Ռուսաստանը շինծու բարեկամ է»:
Պատմության հայազգի պրոֆեսորի կարծիքով, հիմնական խնդիրն այժմ Հայաստանի համար այն է, որ դեմ չգնա Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ ամրապնդելով անկախությունը․ - «Ռուսաստանի անհրաժեշտությունն անխուսափելի է հիմա, և սա հավանաբար ինչ-որ չափով դիլեմա կամ նույնիսկ ողբերգություն է, որի մեջ է այսօր Հայաստանը»:
Հայտնի գիտնականներն ու դիվանագետներն այսօր Երևանում էին մասնակցելու «Անցումային շրջանի ավարտը․ Հայաստանը 25 տարի անց» խորագրով կոնֆերանսին: