Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյան․ Ժամանակն է երկիրը հաջողակ ու բարգավաճող դարձնելու համար


Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով, Հայաստանի անկախության նախորդ 25 տարիները բավարար էին պատմությունը գնահատելու և եզրակացությունների համար, իսկ այժմ ժամանակն է երկիրը հաջողակ ու բարգավաճող դարձնելու համար:

«Մենք անցել ենք մի ոչ դյուրին փուլ՝ շատ լուրջ ճգնաժամից դեպի վերականգնում, և այժմ մեր ամբիցիաների հարցն է, թե ինչպես անել, որ ճգնաժամից վերականգնված բավականին կայուն երկիրը դարձնենք ծաղկող և հաջողակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Տաթևի ճոպանուղու, Դիլիջանի միջազգային դպրոցի և Հայաստանում իրականացվող այլ ծրագրերի համահիմնադիր գործարարն ընդգծեց, որ ինքը հասկանում է, երբ հայաստանցիները ցանկանում են այսօրվա խնդիրները լուծված տեսնել, բայց իրենց քայլերն ուղղված են 20-25 տարի հետո ուրիշ Հայաստան ունենալուն․ - «Մեր բոլոր պրոեկտները իրար հետ կապված են, ուղղակի կապված են ոչ թե էսօրվա հարցերին պատասխան տալու, այլ ավելի շատ՝ 15-20 տարի հետո: Եվ երբ որ մենք անում ենք «Ավրորան», որի մրցանակիրները տանում են փողը, որ պիտի տան նորից ուրիշ մարդկանց բերելու համար․․․ Միևնույն ժամանակ մեր մոտ էրեխեքն են սովորում 75 երկրներից մեր դպրոցում, որոնց մեծամասնությունը եկել են շատ ծանր երկրներից, որի մեջ կոնֆլիկտներ կան, դրա հետ կապված ա: Եթե մենք անում ենք Տաթևը, տուրիզմը, և անում ենք, դա որպեսզի տուրիզմը զարգանա, «Ավրորան» բերում է հետաքրքրություն․․․ ինչի՞ ա Հայաստանը զբաղվում էդ հարցերով: Իրանք հետաքրքրվում են Ցեղասպանության մասին, մեր քրիստոնեության մասին, մեր պատմության մասին: Դրա համար մեր բոլոր պրոեկտները իրար կապված են: Ուղղակի իրանք մարգինալ են էն հաշվով, որ էսօրվա պրոբլեմներին չեն պատասխանում, իրանք խոսում են 20-25 տարի հետո մեծ օգնություն, մեծ փոփոխություն բերող բաների մասին: Որը, իհարկե, դժվար ա և՛ ընդունել, և՛ հասկանալ: Եվ կարող ա մենք սխալվում ենք․ դա էլ պիտի ընդունենք: Բայց մենք համարում ենք, որ միակ ճանապարհը դա է՝ Հայաստանը փոխել, ոչ թե մի քիչ լավացնել, այլ դարձնել լրիվ ուրիշ երկիր»:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն իրենց փրկողների տրվող «Ավրորա» երկրորդ մրցանակի հանձնումը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 28-ին:

«Ավրորա»-ի համահիմնադիր Վարդանյանի կարծիքով, 1 միլիոն դոլարի մրցանակը Հայաստանից դուրս իրականացվող մարդասիրական ծրագրերին տրամադրելը խիստ կարևոր է հենց Հայաստանի համար․ - «Իհարկե, մենք հասկանում ենք, որ ինչ որ մենք անում ենք, մի քիչ հարցեր ա ծագում՝ բա ինչի՞ էդ փողը չի գնում հայ պրոբլեմների լուծման վրա, գնում ա ինչ-որ ուրիշ մարդկանց: Բայց մեզ թվում ա, որ եթե մենք չփորձենք հասկանալ, որ մենք պիտի անենք ինչ-որ բաներ ուրիշների համար․․․ Ես ուզում եմ հիշեցնել, որ արաբ ընտանիքները, որ փրկել են հայ էրեխեքին հարյուր տարի առաջ, հարուստ չեն եղել: Հարուստ և բարի լինելը հեշտ ա, ավելի դժվար է, երբ դու բարի ես ոչ հարուստ լինելով»:

Ռուսաստանաբնակ գործարարն այսօր Երևանում մասնակցում էր Հայաստանի անկախության 25 տարիների անցումային շրջանն ամփոփող կոնֆերանսին:

Վարդանյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած և Հայաստանում ներդրումներ խոստացող գործարարների ցանկում է, նշեց, որ իր իրականացրած ծրագրերը բավարար չի համարում․ - «Ես կյանքում բավարարված չեմ ինձանից առաջին հերթին: Իմ հայրս տենց էր․ մեր նկատմամբ միշտ պահանջը դնում էր էն մակարդակի, որ կյանքում չէին կարող հասնել: Դրա համար չեմ պատկերացնում, որ ես կյանքում բավարարված լինեմ: Ես ուրախ եմ, որ չնայած դժվարություններին, մենք շատ բաներ արել ենք և առաջ ենք անցել: Շատ դժվարություններ ենք տեսել, շատ բաներ չի հաջողվել, ոչ բոլորն ենք արել, ինչ որ մենք պլանավորում էին, բայց, իհարկե, հիմա հետ նայելով ուրախանում ենք, որ էդքանը արել ենք՝ չնայած ամեն ինչին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG