Մատչելիության հղումներ

Կինոգործիչները կրկին շեշտում են «Կինոյի մասին» օրենքի հրատապությունը


Դեռ անցյալ տարի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ 2017 թվականին կինոարվեստի ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք պիտի նպաստեն հայ կինոյի զարգացմանն ու տարածմանը: Ենթադրվում է, որ 2017-ին վերջապես կընդունվի «Կինոյի մասին» օրենքը, որի մասին խոսվում է արդեն երկու տասնամյակից ավելի:

Երեկ Մշակույթի նախարարություն իր աշխատանքային այցի ընթացքում վարչապես Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել կինոարդյունաբերության զարգացման ծրագիր, իր ձևակերպմամբ՝ «կոնցեպցիա, թե դեպի ուր է շարժվելու մեր կինոարտադրությունը՝ յուրաքանչյուր առաջարկի տակ դնելով տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով»:

Թե ինչպիսի հայեցակարգ կներկայացնի Մշակույթի նախարարությունը, պարզ կլինի առաջիկայում:

«Ազատությունը» այսօր հայ կինոյի զարգացման հեռանկարների շուրջ զրուցել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի վարիչ Գագիկ Ստեփանյանի և վավերագրող, կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի հետ:

Երկուսն էլ շեշտեցին, որ հայ կինոյի զարգացման համար միայն ֆինանսական կողմը ապահովելը բավարար չէ, թեև դա խիստ կարևոր է առհասարակ կինոարտադրություն ունենալու համար: Բայց, Ռուբեն Գրիգորյանի համոզմամբ, ամենակարևոր խնդիրներից է նաև կինոյի տարածման ցանցի բացակայությունը․ - «Էս պահին մի քիչ բարդ ա, որովհետև մենք պրոկատ չունենք: Փաստորեն մեր միակ հույսը հիմա հեռուստատեսությունն է․․․ Որովհետև, մենք բոլորս գիտենք, որ շատ ֆիլմեր են նկարվում, իսկ դրանք նայելու հնարավորություն չկա: Մենք նկարում ենք ֆիլմեր պրեմիերայի համար․․․ Որովհետև արվեստագետը միշտ չի, որ ազատություն ունի․․․ նա կառչված ա փողից․ պրոկատ ա պետք, որտեղից կարելի է փողը հետ բերել: Իսկ հեռուստատեսությունը մեզ մոտ դեռ մի բան էլ պիտի խնդրենք, որ ցույց տան»:

Նրա խոսքով, եթե Հայաստանում կինոյի տարածման ցանցը գործեր, այսինքն եթե բոլոր քաղաքներում ու բնակավայրերում կինոթատրոններ գործեին, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի ապահովել տվյալ ֆիլմի վրա ծախսված գումարների վերադարձը կամ եկամուտ ստանալ:

Իսկ Գագիկ Ստեփանյանի համոզմամբ, անհնար է հայ կինոյի զարգացման խոսել՝ առանց «Կինոյի մասին» օրենք ունենալու․ - «Որովհետև եթե էդ օրենքը չկա, չափորոշիչները չկան»:

Իսկ օրենքը, ըստ նրա, ի թիվս այլ խնդիրների, կլուծի նաև համատեղ կինոարտադրության խնդիրը:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Գագիկ Ստեփանյանի կարծիքով, այստեղ պետությունը լուրջ անելիք ունի․ հայ կինոն ինքնաֆինանսավորմամբ չի կարող գոյություն ունենալ, քանի որ տարածման ոչ միայն ներքին, այլև արտաքին ցանց չունի․ - «Հիմա գիտության և կրթության վրա պետությունը որ փող ա ծախսում, հո չի՞ մտածում, որ հարյուր տոկոսով վերադարձվելու է ու մի բան էլ շահույթ կլինի: Մշակույթը ազգային ինքնության պահպանման միջոց ա, ինչպես և կրթությունը: Մշակույթը պահպանելը դա ազգային անվտանգության խնդիր ա: Ուրեմն պետությունը որոշակի գումար, եղած հնարավորությունների սահմաններում, պիտի ներդնի․ օգնի»:

Հայ կինոյի զարգացման համար, Գագիկ Ստեփանյանի համոզմամբ, շատ կարևոր է նաև թեմատիկ խնդիրը․ ճանաչում ձեռք բերելու համար մեր կինոգործիչները պիտի շատ ավելի համամարդկային խնդիրների, թեմաների անդրադառնան, քան տեղային ու ազգային․ - «Մենք հետաքրքիր չենք ուրիշին: Մենք մտել ենք, ասենք, Եղեռն ու դուրս չենք գալիս դրա միջից: Ես չեմ ասում, թե սա կարևոր չէ․․․ Երբ ազգային, մեզ մտահոգող հարցեր են քննարկվում, դրանք պիտի դիտարկվեն համամարդկային արժեքների տեսանկյունից, այլ ոչ թե նվնվոցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG