Սուրբ Աթոռում այսօր կայացավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի առաջին հանդիպումը: Թրամփին դիմավորել են պատվո պահակախումբն ու Վատիկանի ներկայացուցիչները:
Առանցքային մի շարք հարցերում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեցող առաջնորդները, ինչպես Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն է հաղորդում՝ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի թեմաների և քաղաքական գործընթացների միջոցով խաղաղության հաստատման, ինչպես նաև միջկրոնական երկխոսության շուրջ, հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքին և քրիստոնեական համայնքի պաշտպանությանը:
Վատիկանում բանակցություններից առաջ սեղմելով Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի ձեռքը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե իր համար պատիվ է Ֆրանցիսկոսի Պապի հետ հանդիպելը:
Փակ դռների ետևում շուրջ 30 րոպե տևած առանձնազրույցից հետո Դոնալդ Թրամփն ու Ֆրանցիսկոս Պապը, ինչպես միջազգային լրատվամիջոցներն են նկատում, շատ ավելի անկաշկանդ էին, քան մինչ հանդիպումը: Բանակցություններից հետո Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը ողջունել է ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում Թրամփի տիկնոջից՝ Մելանիայից, դուստր Իվանկայից ու նրա ամուսին Ջարեդ Քուշներից բացի, եղել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, նախագահի մի շարք խորհրդականներ:
Ողջունելով Ամերիկայի առաջին տիկնոջը, Պապը կատակել է՝ հարցնելով, թե ինչով է կերակրում Սպիտակ տան ղեկավարին․ - «Պիցա՞», - հարցրել է Վատիկանի առաջնորդը: «Այո, պիցա», - ժպիտով արձագանքել է Մելանիա Թրամփը, ով, ի դեպ, եթե Սաուդյան Արաբիայում ամուսնուն ուղեկցում էր այդ երկրում չխրախուսվող հագուկապով՝ առանց գլխաշորի, ապա Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպմանը ներկայացել էր ընդունված՝ սև շրջազգեստով և սև ժանյակե գլխաշորով:
Սպիտակ տան ղեկավարը դատարկաձեռն չէր ժամանել Վատիկան․ նա Պապին նվեր էր բերել ամերիկացի հոգևորական և սևամորթների իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի ձեռագիր գրությունները: Ֆրանցիսկոսն էլ, իր հերթին, Սպիտակ տան ղեկավարին է նվիրել խաղաղության խորհրդանիշ ձիթապտղի տերև պատկերող արձանիկ, ինչպես նաև Խաղաղության օրվան նվիրված իր մի քանի ելույթների տեքստերը: «Անպայման կընթերցեմ», - վստահեցրել է Թրամփը, իսկ արդեն հրաժեշտ տալով Վատիկանի առաջնորդին՝ հայտարարել․ - «Շատ շնորհակալ եմ և չեմ մոռանա Ձեր ասածները»:
Դոնալդ Թրամփն ու Ֆրանցիսկոս Պապը մեկ անգամ չէ, որ հեռակա բանավեճ են ունեցել: Հատկապես ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բազմից բացահայտ ու կոշտ քննադատել է թեկնածու Թրամփին փախստականների հարցում որդեգրած դիրքորոշման համար: Ֆրանցիսկոսն անընդունելի է համարում նաև Թրամփի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությունը: «Կամուրջների փոխարեն պատեր կառուցելը հարիր չէ քրիստոնյային», - Մեքսիկայում հայտարարել էր Վատիկանի առաջնորդը: Թրամփն էլ, խայտառակություն որակելով իրեն ուղղված այդ խոսքերը, հակադարձել էր․ - «Եթե Վատիկանը «Իսլամական պետության» կողմից հարձակման ենթարկվի, իսկ այդ խմբավորումը, ինչպես հայտնի է բոլորին, հենց դա էլ ցանկանում է, ապա Պապը ամբողջ հոգով աղոթելու է, որպեսզի Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի»:
Միացյալ Նահանգների նախագահը Սուրբ Աթոռից ուղևորվել է Իտալիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպելու:
Թրամփը, հիշեցնենք, Իտալիա է ժամանել Իսրայելից, որտեղ հակամարտող կողմերին հանուն խաղաղության հաստատման փոխզիջումների կոչ էր արել: Որպես ԱՄՆ նախագահ իր առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում նա այցելել է մահմեդական Սաուդյան Արաբիա և հուդայականության գլխավոր սրբավայր՝ Երուսաղեմի Լացի պատ:
Հռոմից Միացյալ Նահանգների նախագահը ուղևորվելու է Բրյուսել՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ բանակցությունների, ինչից հետո վերադառնալու է Իտալիա՝ հինգշաբթի օրը մասնակցելու Սիցիլիայում նախատեսված Մեծ յոթնյակի գագաթնաժողովին: