Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ․ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Թբիլիսի ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, 23-ը մայիսի, 2017թ․
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Թբիլիսի ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, 23-ը մայիսի, 2017թ․

Թուրքիան հաստատակամ է՝ առաջիկա տարիներին է՛լ ավելի խորացնելու հարաբերությունները Վրաստանի հետ, երեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վրացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Թուրքիայի վարչապետը Թբիլիսի էր մեկնել 7 նախարարների ուղեկցությամբ. սա, ըստ տեղական մամուլի, մինչ օրս Վրաստան ժամանած ամենաբարձրաստիճան թուրքական պատվիրակության այցն էր, որը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

«Շուրջ քառորդ դար է՝ մենք ամրապնդում ենք մեր ռազմավարական համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, վերջին տասը տարիներին Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, և սա դեռ միայն սկիզբն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Բինալի Յըլդըրըմը հատուկ շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ անցած տարի Թուրքիայում իրականացված հեղափոխության փորձից մի քանի օր անց Անկարա ժամանելու և գործող վարչակազմին աջակցելու համար:

«Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հարավային Օսիայի և Աբխազիայի հակամարտությունները պետք է կարգավորվեն հենց այս սկզբունքների հիման վրա», - պնդել է Թուրքիայի վարչապետը՝ աջակցություն հայտնելով նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Թբիլիսիի ջանքերին:

Փոխադարձ հաճոյախոսությունները, սակայն, այսքանով չեն ավարտվել. Վրաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է՝ ի դեմս Թբիլիսիի Անկարան ունի հավատարիմ ու վստահելի գործընկեր: «Տարածաշրջանի անկայունության պայմաններում թուրք-վրացական ռազմավարական համագործակցությունը է՛լ ավելի արժեքավոր է դառնում», - հավելել է Գիորգի Կվիրիկաշվիլին՝ փաստելով, որ ինտենսիվ զարգանում է նաև համագործակցությունը հարևան Ադրբեջանի հետ:

«Մենք մի շարք եռակողմ հեռանկարային ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է: Նախագիծն առաջ է գնում ըստ ժամանակացույցի, և մենք հույս ունենք, որ այս ամռանն այն կփորձարկենք մեր տարածքում, իսկ հաջորդ տարեսկզբից արդեն շահագործման կհանձնենք», - ասել է Կվիրիկաշվիլին:

Այս երկաթգիծը կփոխի ողջ տարածաշրջանի ճակատագիրը՝ դառնալով պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը, իր հերթին պնդել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդգծելով՝ սա համատեղ ճանապարհ է, որ Կովկասից ձգվում է մինչև Միջին Ասիա ու Հեռավոր Արևելք, մյուս կողմից՝ Անատոլիան է կապում Եվրոպայի ու Լոնդոնի հետ:

«Երկաթգծի գաղափարը ծագեց 2004-ին, և հիմա, երկարատև բանակցություններից հետո մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այն, ինչ երազանք էր թվում այն ժամանակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ վրացի գործընկերոջը՝ այս նախագծին ցուցաբերած լուրջ աջակցության համար», - ասել է Յըլդըրըմը:

Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքո-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG