Մատչելիության հղումներ

Ըստ ոստիկանության՝ Մանչեսթրի ահաբեկչությունն իրականացրել է 22-ամյա Սալման Աբեդին


Մեծ Բրիտանիա - Զինված ոստիկանները պարեկություն են իրականացնում Մանչեսթրում, 23-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Զինված ոստիկանները պարեկություն են իրականացնում Մանչեսթրում, 23-ը մայիսի, 2017թ․

«Մնա՛ ամուր կանգնած, Մանչե՛սթր: Իմ մտքերն ու հույզերը երեկ գիշերը սարսափելի հարձակումից տուժածների հետ են», - Թվիթերում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնեց Մանչեսթրի համերգասրահում պայթյունն իրականացրած ահաբեկչի անունը՝ Սալման Աբեդի: Ոստիկանությունը հայտնել է, որ նա 22 տարեկան է՝ առանց այլ մանրամասներ նշելու: Daily Telegraph-ը գրել է, որ Սալման Աբեդին ծնվել է Մանչեսթրում 1994 թվականին: Նրա ծնողները որպես փախստականներ Բրիտանիա են եկել Լիբիայից՝ փախչելով Մումար Քադաֆիի ռեժիմից:

Manchester Arena համերգասրահում նրա կատարած ահաբեկչական գործողության արդյունքում 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ անչափահասներ և երեխաներ: 59 մարդ վիրավորել է, որոնց թվում ևս դեռահասներն ու երեխաները շատ են:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն ասել է, որ դա «սարսափելի ահաբեկչական գործողություն է»:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը իր հետ կապ ունեցող կայքերում՝ հայտարարելով, թե հարձակվողը իրենց զինվորներից մեկն էր: Սակայն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համոզված չեն, որ «Իսլամական պետություն»-ն է կատարել Մանչեսթրի գործողությունը: Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն ասել է, թե «Իսլամական պետություն»-ը ստանձնում է բոլոր հարձակումների պատասխանատվությունը, բայց հստակ ապացույցներ չկան, որ Մանչեսթրի հարձակումը նրանք են իրականացրել:

Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը միայնակ է գործել, նա տեղում մահացել է: Ոստիկանությունը հետաքննում է հնարավոր հանցակիցների գոյությունը: Երեկ Մանչեսթրի հարավում 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել, որի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Աշխարհի առաջնորդները, բազմաթիվ մարդիկ՝ պաշտոնյաներ, շարքային քաղաքացիներ, Մանչեսթրի բնակիչներ, հանդես են եկել ահաբակչությունը դատապարտող հայտարարություններով, սրտառուչ խոսքերով:

Մանչեսթրի ֆուտբոլային առաջատար ակումբներից մեկի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրել է․ - «Մնա՛ ամուր կանգնած, Մանչե՛սթր: Իմ մտքերն ու հույզերը երեկ գիշերը սարսափելի հարձակումից տուժածների հետ են»:

Մխիթարյանի գրառմանը շատ երկրպագուներ են արձագանքել, ու շատերը նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթանակ են խնդրել, նույնիսկ պահանջել՝ որպեսզի Մանչեսթրը մնա ամուր կանգնած ու համախմբված:

Այսօր երեկոյան Եվրոպայի լիգայի եզրափակիչում Ստոկհոլմում հանդիպելու են «Մանչեսթր Յունայթեդ»-ն ու հոլանդական «Այաքս»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG