Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն մեծամասնություն կունենա նաև Ազգային ժողովում ձևավորվող նոր մարմնում


ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արխիվ:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արխիվ:

«Անհատի դերակատարությունը կնվազի նաև խորհրդարանում», - «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետականի ներկայացուցիչը՝ անդրադառնալով խորհրդարանում ձևավորվող Խորհրդին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» լրամշակված օրենքի համաձայն, Ազգային ժողովը կունենա լայն լիազորություններով օժտված Խորհուրդ: Խորհրդարանի նախագահից, փոխնախագահներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական անդամից բաղկացած այս մարմինը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով կարող է դիմել Սահմանադրական դատարան: Նաև այս մարմինն է հաստատում Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև խորհրդարանում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը:

Քվեարկությունների միջոցով որոշումներ կայացնող այս մարմինն, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, նիստերն անցկացնում է հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը, Ազգային ժողովի նախագահի սահմանած ժամին:

Խորհրդում ՀՀԿ-ի ներկայացուցիչ, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, թե այս մարմինը կմեծացանի Ազգային ժողովի արդյունավետությունը: Նկատենք, որ այս մարմնում նույնպես իշխող քաղաքական ուժը մեծամասնություն կունենա՝ 17 անդամներից 11-ը իշխանության ներկայացուցիչներն են:

«Անհատի դերակատարությունը աշխատում ենք բոլոր ոլորտներում, նաև Ազգային ժողովում փոքրացնել, և ընդհանուրը տանք ավելի կոլեգիալ մարմինների, որպեսզի դա քննարկման արդյունքում լինի: Խորհուրդը, այո՛, օժտված է բավականին լիազորություններով՝ օրակարգից սկսած մինչև լրագրողների հավատարմագրում, նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, և շատ-շատ այլ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն Խորհրդում, և Խորհրդի որոշումից հետո պետք է կյանքի կոչվեն», - ասաց Բաղդասարյանը:

Նրա փոխանցմամբ՝ Խորհրդի նիստերը լրագրողներ համար բաց կլինեն․ - «Այնտեղ իրավունք ունեն նաև փակ նիստերի, բայց փակ նիստերի ժամանակ քվեարկություն չկա»:

Որոշումները խորհրդում կայացվելու են քվեարկությունների միջոցով: Դիտարկմանը, թե այստեղ ևս իշխանությունը մեծամասնություն է ունենալու, Բաղդասարյանը հակադարձեց․ - «Դուք նորից կրկնում եք: Իշխանության մեծամասնությունը մենք չենք որոշել: Դա ընտրություններն են որոշել, ժողովուրդն է որոշել: Ինչի՞ է էդ ընտրապայքարը, եթե պետք է լինի հավասար պայմաններ․․․ Եթե ընտրությունների ժամանակ ձևավորվել է կայուն մեծամասնություն, բնականաբար, ամբողջ իշխանության պատասխանատվությունը, երկրի պատասխանատվությունը վերցնող քաղաքական ուժը ինքը նաև հեգեմոն դերում պետք է լինի: Պատասխանատվությունը վերցնում ենք մենք, որոշումները կայացնում են մնացա՞ծը․․․ տրամաբանական չեմ համարում»:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը Ազգային ժողովի խորհրդում կներկայացնի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լայն լիազորություններով օժտված այս մարմնում նույնպես իրենք որևէ ազդեցություն չեն ունենալու. - «Մեր ձայնը կհնչեցվի: Բայց, պարզ է, չէ՞, Խորհրդի անդամներն են ԱԺ նախագահը, երեք տեղակալները, հանձնաժողովի նախագահները և ֆրակցիաների ներկայացուցիչները․․․ Պարզ ա, չէ՞, ոնց էլ քվեարկի, դա ազդեցություն չի ունենալու: Այո՛, կփորձես քո ասելով, քո հիմնավորումներով զսպել, բայց քվեարկության մակարդակում կարող են քվեարկել այնպես, ինչպես կամենում են: Եվ այն, ինչ ոչ տեղի ունեցավ դահլիճում, տեղի է ունենալու նաև այնտեղ»:

Հիշեցնենք, որ 6 րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ավելի քան մեկ ժամ տևած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական ընդդմիության դերակատարությունը զգալիորեն մեծացել է:

Խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ընդդիմադիր «Ծառուկյան դաշինքը», այս խորհրդի ձևավորումը առաջընթաց է համարում: Դաշինքի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն, ով նույնպես ընդգրկված է խորհրդում, դեռևս չի շտապում միանշանակ գնահատական տալ, թե արդյոք 17 հոգանոց այս մարմնում ընդամենը 6 անդամ ունեցող ընդդիմությանը կհաջողվի ազդել որոշումների կայացման վրա․ - «Ես համարում եմ առաջ քայլ այդ խորհրդի ձևավորումը՝ թեկուզ այն պատճառով, որ սա կոլեգիալություն է ապահովելու որոշումների ընդունման առումով»:

Հավելենք, որ Ազգային ժողովի խորհրդում Դաշնակցությունը կներկայացնի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG