Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայտարարել է կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում, որտեղ այսօր տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը:
Երկկողմ հարաբերություններից բացի, Եվրամիության ու Հայաստանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում: Պաշտոնական Բրյուսելը վերահաստատել է հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու իր պատրաստակամությունը՝ կոչ անելով կողմերին ներգավվել այդ գործընթացում առանց նախապայմանների:
«Եվրամիությունն ուզում է ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Մենք արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն ենք, ամենամեծ միջազգային դոնորը, և պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, դատական համակարգի, մարդու իրավունքների ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հարցեր, որոնք շատ հստակ և հրատապ են Հայաստանի քաղաքացիների համար», - հանդիպման ավարտին հայտարարել է Մոգերինին՝ հավելելով․ - «Մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եվրամիության համոզմամբ՝ ստատուս քվոն անկայուն է, և անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն: Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները»:
Պաշտոնական Երևանն ու Բրյուսելը երկու ամիս առաջ նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր, որը, ըստ կողմերի, նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստի մասնակիցները հույս են հայտնել, որ համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում:
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:
Ընդգծվել է Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Նալբանդյանն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:
Նա անդրադարձել է նաև ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
Նա շեշտել է, որ 2016 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր, և այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:
Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: