Մատչելիության հղումներ

Առնվազն 22 զոհ, 59 վիրավոր Մանչեսթրում ահաբեկչության հետևանքով


Մեծ Բրիտանիա - Մարդիկ պայթյունից հետո դուրս են նետվում Manchester Arena-ից, 22-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Մարդիկ պայթյունից հետո դուրս են նետվում Manchester Arena-ից, 22-ը մայիսի, 2017թ․

«Իսլամական պետություն»-ը հայտարարում է, թե Մանչեսթրի հարձակումն իրականացրել է իր անդամներից մեկը:

Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ, 59 մարդ վիրավորվել է: Այս տվյալները լրագրողներին այսօր հայտնել է Մանչեսթրի ոստիկանության մամուլի խոսնակ Յեն Հոփքինսը:

Նա ասել է, որ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: Ենթադրվում է, որ հարձակվողը միայնակ է գործել՝ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումը գործի դնելով Manchester Arena մարզահամերգային համալիրի մուտքի մոտ: Հոփքինսի փոխանցմամբ՝ այդ անձը տեղում մահացել է: Սակայն նրա ինքնության, ազգային պատկանելիության կամ քաղաքացիության մասին տվյալներ Մանչեսթրի ոստիկանության խոսնակը չի հաղորդել: Իրավապահները հիմա փորձում են պարզել՝ արդյոք հարձակվողը հանցակիցներ ունեցել է: Այսօր հաղորդվեց, որ Մանչեսթրի հարավում 23-ամյա մի երիտասարդ է ձերբակալվել:

Ավելի ուշ «Իսլամական պետություն»-ը հայտարարեց, թե Մանչեսթրի հարձակումն իրականացրել է այդ ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը:

Պայթյունը Manchester Arena-ում որոտացել է երկուշաբթի երեկոյան ժամը 22:35-ի սահմաններում, երբ հանդիսատեսը դուրս էր գալիս համերգից: Ելույթ էր ունեցել ամերիկացի 23-ամյա ռոք աստղ Արիանա Գրանդեն, ով լայն ճանաչում ունի աղջիկների ու երեխաների շրջանում: Երգչուհին Թվիթերում գրել է, որ պայթյունի լուրից իր սիրտը «ջարդված է»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մանչեսթրի պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչական հարձակում»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, խորը ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, ասել է, որ հարձակումն իրականացրել են «կատաղի անհաջողները»՝ հարձակվելով անգամ անմեղ երեխաների վրա: Թրամփն ասել է, որ քաղաքակիրթ երկրները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու մարդկանց կյանքը: «Չարի գաղափարախոսությունը պետք է ոչնչացվի, իսպառ ոչնչացվի», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր «վշտի ու սարսափի» մասին: Նա ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Գերմանիան կանգնած է Մեծ Բրիտանիայի կողքին:

Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի նախագահները, այլ առաջնորդներ, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ Մանչեսթրի հարձակման զոհերի հարազատներին ցավակցություն են հայտնել ու խստորեն դատապարտել ահաբեկչությունը, բռնությունները:

Մեծ Բրիտանիայի վարչապետին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահը:

Բրիտանիայի քաղաքական կուսակցությունները դադարեցրել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG