Կարելի էր ակնկալել, որ շատ սպասելիքներ պետք է ունենալ վեցերորդ գումարման Ազգային ժողովից, որ այս խորհրդարանը լրիվ այլ ոճով է գործելու, և առնվազն «եթե մենք շատ ենք, ուրեմն՝ ճիշտ ենք» մոտեցումը չի լինելու, բայց փաստերը ցույց տվեցին, որ առնվազն դեռևս իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործում է նույն ոճով: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց նորընտիր խորհրդարանում «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Թեև որոշ դեմքեր փոխվել են խորհրդարանում, բայց գործելաոճը դեռևս մնացել է նույնը՝ երևի թե շատ չնչին փոփոխություններով, աննշան նույնիսկ, ես կասեի», - ընդգծեց Գորգիսյանը՝ շարունակելով․ - «Բայց սա չի նշանակում, որ մենք անգործ նստելու ենք և ոչինչ չանենք: Մենք ինչպես առաջին իսկ օրվանից սկսեցինք մեր բուռն աշխատանքով, նույնպես շարունակելու ենք և առաջիկա նիստերին, նստաշրջաններին մեր բազմապիսի և բազմաոլորտ առաջարկներով հանդես ենք գալու և փորձելու ենք այդ ամենը ի վերջո կյանքի կոչել»:
Հարցին, թե «Ելք»-ը որպես ընդդիմություն արդյոք փոխարինելո՞ւ է Հայ ազգային կոնգրեսին, «Ժառանգությանը», «Օրինաց երկիր»-ին (այժմ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցություն), նրանց տե՞ղն է լրացնելու խորհրդարանում, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում՝ մենք եկել ենք որևէ մեկին փոխարինելու, որովհետև մենք ի սկզբանե հայտարարեցինք, ու ոչ միայն հայտարարեցինք՝ մենք գործով ցույց տվեցինք, որ ամեն ինչով տարբերվում ենք մինչ մեզ եղած բոլոր ընդդիմություններից: Մենք եկել ենք մե՛ր տեղը զբաղեցնելու, մենք եկել ենք մեր չափաբաժին փոփոխությունները երկրի ճակատագրում բերելու և հնարավորինս աջակցելու և՛ ժողովրդի խնդիրների՝ խորհրդարանում բարձրաձայնմանը, և՛ խորհրդարանի՝ որպես ինստիտուտ կայացմանը»:
«Հիմա մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ խորհրդարանը որպես․․․ Խորհրդարանը ի՞նչ է իրենից ներկայացնում՝ իշխանության գերագույն մարմին: Այն դեպքում, երբ մենք դարձել ենք խորհրդարանական երկիր, արդեն դա բարձրագույն, կարելի է նույնիսկ ասել, որովհետև այնտեղ են ժողովրդի ընտրյալները՝ այն մարդիկ, ովքեր ընտրվել են և հենց անմիջական ժողովրդի իշխանության կրողներն են: Բայց վերաբերմունքը ինչպես եղել է նախկինում՝ դեռ կարծես թե շարունակում է այդպիսին մնալ, որովհետև նույն պատգամավորների մեծամասնությունը ուղղակի գալիս է, ոնց հասկանում ենք, կոճակ սեղմելու համար՝ բացարձակ ոչ մի քննարկման դեռևս չեն մասնակցել: Ստորադասված է, ամեն դեպքում, օրենսդրի դերը գործադիրի նկատմամբ, ինչը պետք է փոխվի, և նաև այդ ուղղությամբ մենք շատ լուջ քայլեր ունենք անելու», - հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղարը:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․