Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը այսօր Բեթղեհեմում հանդիպում է Պաղեստինի առաջնորդին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, Երուսաղեմ, 22-ը մայիսի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, Երուսաղեմ, 22-ը մայիսի, 2017թ․

Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայցելի Բեթղեհեմ՝ հանդիպելու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Երեկ երեկոյան Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Քննարկման առարկան եղել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ակտիվացնելու հարցը:

Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լացի պատի մոտ, Երուսաղեմ, 22-ը մայիսի, 2017թ․
Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լացի պատի մոտ, Երուսաղեմ, 22-ը մայիսի, 2017թ․

Ամփոփելով Դոնալդ Թրամփի հագեցած ու Իսրայելում պատմական բնորոշված այցի առաջին օրը, պետք է փաստել, որ նա Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախագահն է, որ այցելեց Լացի պատ, որը Երուսաղեմի ավերված երկրորդ տաճարի մի պատն է ու հրեա ժողովրդի ամենասրբազան վայրերից մեկը:

ԱՄՆ նախկին նախագահները կա՛մ իրենց պաշտոնավարումից առաջ, կա՛մ հետո են եղել այս սրբավայրում, իսկ Թրամփի և նրա ընտանիքի այցելությունն արդեն իսկ Իսրայելում որակում են քայլ՝ ուղղված Երուսաղեմի միջազգային ճանաչմանը որպես Իսրայելի մայրաքաղաք, չնայած նման հայտարարություն Միացյալ Նահանգների նախագահը չարեց:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ԱՄՆ նախագահին ու բարձրաստիճան մյուս հյուրերին ողջունել էր Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում, իսկ ճանապարհները փակ լինելու պատճառով Պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանն էր շրջել նրա և քրիստոնեական մյուս հարանվանությունների ներկայացուցիչների հետ Սուրբ Հարության տաճարում ու խաղաղություն էր մաղթել Միացյալ Նահանգների նախագահին՝ հույս հայտնելով, որ նրա այցը խաղաղություն կբերի տարածաշրջան:

Դոնալդ Թրամփի Իսրայել այցի ժամանակացույցում կրկին փոփոխություններ եղան, որոնցով պայմանավորված՝ շատ հանդիպումներ կրկին չեղարկվեցին կամ հետաձգվեցին:

Երեկոյան Երուսաղեմի «Դավիթ թագավոր» հյուրանոցային համալիրում փակ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համատեղ ասուլիսով հանդես եկան: Նախ խոսվեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերի մասին, Իրանի հետ կապված հիմնահարցին անդրադարձ կատարեց Թրամփը՝ հայտարարելով, թե թույլ չի տա, որ Իրանը ատոմային տերություն դառնա, Իսրայելի վարչապետն էլ շնորհակալություն հայտնեց Լացի պատ այցելության և Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունենալու հետ կապված:

Մահմուդ Աբասի հետ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ ևս քննարկվելու են բանակցային գործընթացը և խաղաղությանն ուղղված հիմնական քայլերը: ԱՄՆ նախագահը կծանոթանա նաև պաղեստինյան կողմի առաջարկներին:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Միացյալ Նահանգների նախագահը կայցելի Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար և կլինի արդյոք հանդիպում հայ հոգևորականների հետ:

Ժամը 13-ին նախատեսված է այցելություն Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարան-ինստիտուտ, ժամը 14-ին՝ Իսրայելի թանգարան, ժամը 16-ին էլ ԱՄՆ նախագահի գլխավորած պատվիրակությանը հրեա պաշտոնյաները հրաժեշտ կտան Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG