Գյումրիում առաջիկայում կմեկնարկի դպրոցների օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում թերբեռնված ուսումնական հաստատությունները պետք է միավորվեն, գերբեռնվածներն էլ կաշխատեն միայն առաջին հերթով:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանի խոսքով, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում կան դպրոցներ, որտեղ 1000-ից ավելի աշակերտ կա, դպրոցներ էլ կան, որտեղ աշակերտների թիվը 100-ի էլ չի հասնում:
Դպրոցները օպտիմալացնելու անհրաժեշտության մասին մայիսի սկզբին Կրթության և գիտության նախարարությունում խոսել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության հաղորդագրության համաձայն՝ օպտիմալացման արդյունքում պետք է բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը: Ապագայում նախատեսվում է աշակերտների նվազագույն թիվը սահմանել 450:
Ըստ ոլորտի պատասխանատուների՝ տնտեսապես շահավետ չէ քիչ աշակերտ ունեցող դպրոց պահել: Ամեն օպտիմալացվող դպրոցից կառավարությունն ակնկալում է 18-20 մլն դրամ պահպանման ծախս տնտեսել: Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը խուսափեց ասել, թե Գյումրիի որ դպրոցները կօպտիմալացվեն, միայն նշեց, որ դրանց թիվը Գյումրիում մեկ տասնյակի չի հասնի:
«Եթե փորձենք զուտ այդ չափորոշիչներով շարժվել, թիվը բավական մեծ կլինի, բայց փորձում ենք նաև՝ չմիավորելու դեպքում հիմնավորել, թե կոնկրետ ինչն է պատճառը, որ նպատակահարմար չէ», - նշեց Կարապետյանը՝ պարզաբանելով․ - «Օրինակ՝ ծայրամասային դպրոցներ կան, որոնք լրացուցիչ բարդություններ կստեղծեն վերամիավորվելով այլ դպրոցի հետ: Ուղղակի խոսքը գնում է տարածքով մոտ դպրոցների մասին, որոնք գտնվում են 300-400 մետր հեռավորության վրա, որոնց տեղաշարժի առումով խնդիր չկա»:
Օպտիմալացումը ենթադրում է նաև կադրերի կրճատում: Նախորդ՝ 1.5 տասնամյակ առաջ իրականացված օպտիմալացման հետևանքով շատ մանկավարժներ համալրեցին գործազուրկների շարքերը:
«Բնական է՝ տարեցտարի կենսաթոշակային տարիքի հասնող ուսուցիչներ կան, որոնք կրճատման ենթակա են: Կան ուսուցիչներ, որոնք չեն համապատասխանում իրենց մասնագիտություններին, այնպես որ՝ չեմ կարծում վերամիավորվելու դեպքում լրացուցիչ խնդիրներ կառաջանան ուսուցիչներին աշխատանքով ապահովելու հարցում», - այս առնչությամբ մեկնաբանեց Շիրակի մարզի կրթության վարչության պետը: