Մատչելիության հղումներ

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է


Մեր ժամանակների մեծագույն արվեստագետ, կենդանության օրոք վաղուց արդեն լեգենդ համարվող Շառլ Ազնավուրն այսօր նշում է իր ծննդյան 93-ամյա տարեդարձը:

Դժվար է պատկերացնել աշխարհում այսօր այդ տարիքի մեկ այլ արվեստագետի, որն այնքան սիրված ու ճանաչված է, և որի արվեստը տասնամյակներ շարունակ տարբեր սերունդների, տարբեր ազգությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչների համար այնքան հոգեհարազատ ու սրտամոտ է եղել:

Արդեն 60 տարուց ի վեր մեր աշխարհահռչակ հայրենակիցը միայն իրեն հատուկ հանճարեղ կատարումներով երգում է սիրո, հավատարմության, նվիրվածության, բոհեմի, խենթության ու խելառության, դավաճանության, ատելության, միայնության ու էլի շատ ու շատ մարդկային հույզերի ու զգացմունքների մասին:

Շառլ Ազնավուրը՝ ծննդյան անվամբ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է Փարիզում հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Երգել սկսել է վաղ հասակից, բայց մեծ փառքի ու հռչակի արժանացել 30 տարեկանից հետո՝ 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» սրահում ունեցած չափազանց հաջող ելույթից հետո:

Այդ ժամանակներից ի վեր նրա երգերը հնչում են ողջ աշխարհում ոչ միայն իր, այլև ժամանակի մերածույն այլ երգիչների ու երգչունիների կատարմամբ: Ազնավուրը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, մի քանի գրքի հեղինակի է, որոնցով չափազանց անկեղծորեն իր ողջ կյանքն է բաց ներկայացնում ընթերցողին:

1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին անմիջապես Հայաստան եկավ, ստեղծեց «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամն ու այդ ժամանակվա աշխարհահռչակ երաժիշտների հետ ձայնագրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների:

2008 թվականից Շառլ Ազնավուրը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիում, որտեղ և բնակվում է վերջին տասնամյակներին: Ամենաուշագրավն իր լեգենդար կյանքում իր արվեստի այն ուժն ու հզորությունն է, որը նրան չի կտրում բեմից մինչև օրս: Տարիքն արդեն բոլորովին էական չէ, երևի նրա ճակատագիրն է՝ նա մշտապես իր երաժշտությամբ մեզ հետ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG