Մատչելիության հղումներ

Մոսուլում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքը կրճատվում է


Իրաքի Մոսուլ քաղաքի արևմուտքում «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ մնացող տարածքը շարունակում կրճատվել՝ հասնելով 8 քառակուսի կիլոմետրի, հայտարարել են իրաքցի զինվորական պաշտոնյաները: Այդուհանդերձ, այդ տարածքը ներառում է Հին քաղաքը, որը հետ գրավելու համար արյունալի մարտեր են սպասվում:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իսլամական պետությունը» շարունակում է իր ձեռքում պահել Մոսուլի երեք թաղամասեր՝ Հին քաղաքը, Ալ-Շավան և Ալ-Զինջիջին: Այս երեք թաղամասերը տեղակայված են Տիգրիս գետի արևմտյան ափի երկայնքով:

Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են խիտ բնակեցված Հին քաղաքում, որտեղ ենթադրաբար մոտ 500 զինյալ կա, ովքեր քաղաքացիական անձանց օգտագործում են որպես կենդանի վահան:

Հին քաղաքի գրավումը խորհրդանշական արժեք ունի, քանի որ այս թաղամասում է գտնվում այն մզկիթը, որտեղ 2014 թվականին «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին խալիֆայություն հռչակեց:

Անցած հոկտեմբերին Իրաքի զինված ուժերը, ԱՄՆ-ի առաջնորդած կոալիցիայի օդային աջակցությամբ, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեցին իսմալական ծայրահեղականների վերջին խոշոր հենակետը համարվող Մոսուլը ազատագրելու համար: Քաղաքի արևելյան թաղամասերը գրավվել էին այս տարի ավելի վաղ, սակայն խիտ բնակեցված արևմտյան Մոսուլի համար մարտերում «Իսլամական պետությունը» կատաղի դիմադրություն է ցույց տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG